«Նախկին կառավարության փոփոխմամբ ակնկալիքներ են բացվում: Յուրաքանչյուր աշխատանք պետք է լինի տեսանելի և չափելի և որոշակի ժամանակահատված է անհրաժեշտ, որպեսզի մենք կարողանանք արդյունքները տեսնել և չափել հաջողության աստիճանը»,- Հ1-ի «Հարցազրույց» հաղորդման ուղիղ եթերում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ խոսելով նոր և նախկին կառավարությունների մասին:
Նա ողջունել է կառավարության գործունեության շուրջ բախումները, բայց մի պայմանով, որ այդ բախումները լինեն ԱԺ-ում, մամուլի էջերում և ոչ թե ցուցարարների և ոստիկանների միջև:
«Նոր կառավարության առումով ես արդեն տեսնում եմ նախանշանները, որ այս կառավարությունը հաջողություներ է ունենում»,- ասել Սերժ Սարգսյանն ու խոստացել որոշ ժամանակ անց անդրադառնալ կառավարության աշխատանքին:
Իսկապես հետաքրքիր է, թե ինչ նախանշաններ է տեսնում Սերժ Սարգսյանը, որ հասանելի չեն մեզ՝ հասարակ մահկանացուներիս: Առ այսօր միակ ակնառու քայլը, որ կատարել է կառավարությունը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, շոուներ կազմակերպելն ու էկրաններից հասարակությանը տեսարաններով կերակրելն է:
Հաջորդ լրջագույն ձեռքբերումը, անշուշտ, սկանդալային նշանակումներն են կառավարությունում: Նույն մեռելը վեց անգամ թաղելու աբրահամյանական բանաձևը հասցրեց նրան, որ կառավարությունը վերածվեց էլիտար ծերանոցի, որտեղ իրենց ծերությունն են վայելում ժամկետանց և իրենց ՕԳԳ-ն կորցրած գործիչները՝ վարչապետի բարձր հովանու ներքո: Ասենք, էներգետիկայի նախարար է նշանակվել մի մարդ, ում՝ Երևանի քաղաքապետ աշխատելու տարիներին շրջում էր մի անեկդոտ.
«Ինչու՞ Երվանդ Զախարյանը կնոջ հետ խանդի հողի վրա չի վիճում։
- Որովհետև էդ հողն էլ ա ծախել»։
Եվ այդ՝ ամեն ինչը վաճառելու մոլուցք ունեցող, իր բոլոր աթոռների վրա քարանալու ռեկորդներ սահմանած անձն այսօր կրկին երկրի «ամենայուղոտ» պաշտոններից մեկն է զբաղեցնում:
Հարկ է հատուկ հիշատակել ինքնզինքը խրախուսող անձանց պարգևատրումը նոր պաշտոններով: 2014 թվականի ապրիլի 28-ին ստորագրած 100Ա գոլդ համարակալմամբ հրամանով՝ ՀՀ բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Խաչիկի Հարությունյանին բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Խաչիկի Հարությունյանը շնորհել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ։ Երևի Սերժ Սարգսյանին չեն զեկուցել, որ այս «սամազվանեց» պաշտոնյան ոչ միայն չի ազատվել աշխատանքից, այլև պարգևատրվել է նոր, «տռուզ» պաշտոնով: Իսկ վարչապետ Աբրահամյանը ոչ միայն չի բարեհաճել ոլորել ինքնասիրահարված պաշտոնյաների ականջները, այլև առ այսօր խուսափում է այդ և նմանատիպ այլ թեմաներով թեմայով խոսելուց և բավարարվում է սեփական անձի գովքով: Ու եթե շարունակի խուսափել, անշուշտ, մամուլում ստանալու է այն պատերազմը, որի մասին նրբանկատորեն հիշատակեց Սերժ Սարգսյանը:
Եվ բոլոր այն անձիք, ովքեր պաշտոններ ստացան կամ ունեցան պաշտոնեական առաջխաղացում, երբևէ աչքի չեն ընկել իրենց կատարած արդյունավետ աշխատանքով: Ասենք՝ Արարատի մարզպետի պաշտոնում ոչնչով աչքի չընկած Արամայիս Գրիգորյանը մի քանի ամսից հավաքեց ասուպի արագություն և դարձավ նախարար: Ինչո՞ւ, ինչպիսի՞ արդյունք նա ունեցավ տեղում, որ անհրաժեշտություն առաջացավ այդ փորձը տարածել ամբողջ հանրապետությունում: Հիմա ինչ է ստացվում՝ պաշտոնեական առաջխաղացում է ստանում մի մարդ, ով մարզը ղեկավարելու ընթացքում միայն արարողակարգային գործառույթներ է կատարել և որևէ դրական տեղաշարժով աչքի չի ընկել: Նման դեպքերում նրան պետք է ենթարկեին կարգապահական տույժի, սակայն նախարարի պաշտոն ստացավ: Սա՞ է արդյունավետ կառավարման հովիկաբրահամյանական բանաձևը: Ավելին, վարչապետը իր կադրային զինանոցը համալրել է մի անձով, ով իր կադրերին համարում էր անպիտան և մարզպետարանը մաքրում էր նրանցից: Սա, կարծում եմ, հետաքրքիր շտրիխներ է ավելացնում նորանշանակ վարչապետի կերպարի մեջ:
Եվ ընդհանրապես, Հայաստանում առաջխաղացման երաշխիքը և պաշտոնյաների անբեկանելի արժանիքը դարձել է փողի քսակի հաստությունը:
Աբրահամյանի կառավարության հաջորդ ձեռքբերումը էլեկտրաէներգիայի սակագների սպասվող աճն է: Այս մարդու ներքո աշխատող հանձնաժողովը, առանց տնտեսվարողների պահանջի, վերցրեց ու որոշեց, որ գործող սակագինը ձեռնատու չէ ու պետք է թանկացնել: Այդ նույն անձիք համառորեն չեն տեսնում էներգետիկ ոլորտի ղեկավարների աստղաբաշխական բարձր աշխատավարձերը, օպտիմալացման կոչեր չեն անում, սակայն պարտադրում են մեր ժողովրդին՝ սեփական գրպանից վճարել այդ պաշտոնյաների «կայֆերի» համար: Սակագների բարձրացման հարցում ինքնագործունեության դիմած սույն պատվարժան հանձնաժողովն իր այս քայլը հիմնավորում է նրանով, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: Հասկանալի է, չէ՞, որ հանձնաժողովը չի կարող կանխատեսել բնական աղետներ, որոնք կտապալեն հարյուրավոր էլեկտրասյուներ, ընկերություններին կգցեն զգալի ծախսերի տակ: Ըստ էության, կառավարությունը նախապատրաստվում է գազի գնի հերթական փոփոխությանը:Նախապատրաստվում է նենգ, դավադիր, մարդկանց նրբորեն մոլորեցնելով: Հայտնի է, որ էլեկտրաէներգիայի սակագների վրա ազդող որոշիչ գործոնը հենց գազի գինն է: Այսինքն՝ աբրահամյանական քարոզչամեքենան նախապատրաստում է Հայաստանում գազի գնի հերթական թանկացումը:
Եթե այստեղ շարադրեմ նոր կառավարության «ձեռքբերումների» ամբողջական շարքը՝ թերևս կայքերի ծավալը կգերազանցի թույլատրելի բոլոր նորմերը: Ուղղակի անհասկանալի է՝ ինչպիսի հաջողության նշաններ է տեսել Սերժ Սարգսյանը: Եվ որպեսզի Հովիկ Աբրահամյանի կառավարության ողջ պերճանքն ու թշվառությունը ջրի երես դուրս գա՝ ես նրա նվաճումներին կանդրադառնամ կետ առ կետ, ոլորտ առ ոլորտ...
Մամուլի էջերում բախումներ եք ուզում՝ կստանաք...
Վարուժան Բաբաջանյան