ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի' Հարավային Կովկասին նվիրված սեմինարի ընթացքում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից մշտապես կիրառվող ժամկետանց հռետորաբանությունը հոգնեցուցիչ է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել հայկական պատվիրակության հետ Բաքու մեկնած քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

 

«Հոգնել եմ: Այժմ Աֆղանստանի շուրջ քննարկումների ժամանակ Ադրբեջանը Հայաստանին անվանում է «թշնամական երկիր»... ժամկետանց հռետորաբանության օգտագործման տխուր օրինակ»,- գրել է Կիրակոսյանը: Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ միասին Բաքու է ժամանել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը:

 

Քաղաքագետը մեկ այլ գրառմամբ հայտնել է, որ ադրբեջանական պատվիրակության անդամներն արդեն մշտական դարձած մեղադրանքներ են հնչեցնում Լեռնային Ղարաբաղի տարածքով թմրանյութերի շրջանառություն իրականացնելու վերաբերյալ: Ռիչարդ Կիրակոսյանը նաև իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում խոսքի և մամուլի ազատության բացակայության վերաբերյալ' տեղեկացնելով, որ ադրբեջանցի պատվիրակները բողոքել են հայկական պատվիրակության անդամների' լրատվամիջոցներին մեկնաբանություններ և հարցազրույցներ տալու փաստի առնչությամբ:

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Կորյուն Նահապետյանն ու Թեւան Պողոսյանը մասնակցում են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» սեմինարին, որտեղ հայ պատվիրակների նկատմամբ վերաբերմունքը թշնամական է, իսկ բանավեճը վերածվում է «լեզվակռվի»: