Արևմուտքը տարբեր միջոցներով փորձում է թուլացնել և մասնատել արտասահմանյան պետությունները, որոնք իր հսկողության տակ չեն: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին նշել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության Արտաքին գործերի նախարար Ռայ Սու Յոնգին և նրան ուղեկցող պատվիրակության ընդունելության ժամանակ: Նախագահը նաև ավելացրել է, որ եթե նախկինում Արևմուտքն իր ծրագրերի իրականացման համար հենվում էր գործիք դարձած կառավարությունների վրա, ապա այժմ՝ ահաբեկչական խմբավորումների վրա: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2 երկրների միջև տարբեր բնագավառներում, հատկապես տնտեսության զարգացման և վերակառուցողական աշխատանքների ոլորտում համագործակցության ուղիներն խորացնելու վերաբերյալ հարցեր:

 

Կորեայի արտգործնախարար Ռայ Սու Յոնգը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարում սիրիական ազգի մեծ ձեռքբերումները, ինչպես նաև նախագահական ընտրությունների անցկացումը և մասնակցության մեծ ակտիվությունը ուժգին հարված են այն ուժերին, որոնք փորձել են բոյկոտել և կործանել սիրիական միաբանությունը և տարածաշրջանում նրա կարևոր դերը: Նա նաև ավելացրել է, որ աշխարհի շատ պետություններ կանգնած են Սիրիայի կողքին և աջակցում են նրա ինքնիշխանությանը:

 

Իր հերթին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը նշել է, որ միջազգային միասնականությունը նպաստում է արևմտյան ագրեսիվ գործողությունների ձախողմանը և անկախ պետությունների պաշտպանությանը: Ահաբեկչությանն աջակցող երկրները սկսել են գիտակցել, որ այդ սպառնալիքը կարող է ուղղվել հենց իրենց դեմ: