Հունիսի 16-18-ը Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Կարել Շվարցենբերգի հրավերով աշխատանքային այցով Պրահայում էր գտնվում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի պատվիրակությունը' հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի (ՀՀԿ խմբակցություն) գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին հանձնաժողովի անդամներ Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ խմբակցություն) և Էդմոն Մարուքյանը (անկախ պատգամավոր):
Հայ խորհրդարանականների պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ պատգամավորների պալատի նախագահ պարոն Յան Համաչեկի հետ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի հանձնաժողովներում, ինչպես նաև Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամների հետ՝ խմբի նախագահ, սոցիալ-դեմոկրատ Ռոբին Բյոհնիշի ղեկավարությամբ:
Հանդիպումներ եղան նաև Չեխիայի Սենատի փոխնագահ Զդենեկ Շկրոմախի, Չեխիայի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հինեք Կմոնիչեկի և Չեխիայի փոխարտգործնախարար Կարել Բորուվկայի հետ:
Պատվիրակությունն այցելեց «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայան, ուր պատգամավորները մասնակցեցին հայկական ծառայության կողմից կազմակերպված քննարկմանը: Հայ խորհրդարանականները մասնակցեցին Պրահայում Երուսաղեմի օրերի բացման արարողությանը, ուր հրավիրվել էին' հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիսանում է Հայաստան-Իսրայել միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին խորհրդարանական համգործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող հարցեր, Հարավային Կովկասի տարածաշրջանին վերաբերվող խնդիրներ:
Հայ պատգամավորները բարձր գնահատեցին չեխական կողմի հավասարակշված մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ' մասնավորապես ընդգծելով չեխ գործընկերների այն համոզմունքը, որ հարցը պետք է կարգավորվի միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
Հայկական կողմը մտահոգություն հայտնեց վերջին շրջանում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության ակտիվացման և հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դեպքերի առնչությամբ' նշելով, որ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանի զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանական բանակը պատրաստ են արժանի հակահարված տալ հակառակորդին:
Հայկական պատվիրակությունը մանրամասն տեղեկություններ ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի մասին' նշելով, որ 2009թ. ցյուրիխյան արձանագրությունները վիժեցվել են Թուրքիայի ղեկավարության կողմից:
Անդրադառնալով Հայաստանի մասնակի շրջափակմանը' կողմերը համակարծիք էին, որ 21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն:
Հանդիպումների ժամանակ երկուտեք շեշտվեց Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության զարգացման անհրաժեշտությունը' նաև հաշվի առնելով նոր իրողությունները, մասնավորապես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը, որը կարող է բավականին հեռանկարային լինել տնտեսական առումով:
Չեխ պաշտոնյաները նշեցին, որ ուշադրությամբ հետևում են Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների, քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացներին և կարող են փաստել դրանց դրական արդյունքները: Միաժամանակ նրանք ողջունեցին հայկական կողմի վճռականությունը' շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները երկրում և պատրաստակամություն հայտնեցին կիսելու այս բնագավառի չեխական ոչ վաղ անցյալի հարուստ փորձը:
Հայ խորհրդարանականների պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը պատգամավորների պալատի ղեկավարին հանձնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ Հայաստան այցելելու հրավերը, որը սիրով ընդունվեց: