Մեր զրուցակիցն է արձակագիր, հանրային կապերի մասնագետ Արմեն Օհանյանը
Արմեն, մի քանի ամիս առաջ այն կարծիքն էիք հայտնում, որ Հայաստանը չի զարգանում, բայց հասունանում է: Նախընտրական իրավիճակն ավելի չի մտահոգում, որ հասունացման և զարգացման առումով նորից կդոփենք տեղում:
Այո, պարադոքս է, բայց փաստ. մեր տղեկ-ավարները խակ են ու տհաս, իսկ երկիրը շարունակում է հասունանալ իր հոգատար քաղաքացիների շնորհիվ, մինչդեռ միահեծան իշխող հանրապետականներն են, որ իբր պիտի կառուցեին ու պաշտպանեին, բայց քանդեցին ու գազանաբար հարձակվեցին սեփական ժողովրդի վրա, գոռացին'առաջ Հայաստան, բայց հետ տվեցին երկիրն ու իրենց եփած ճաշի մեջ, վերջերս էլ սպառնացին հավատափոխ անել, բայց ընդամենը հայաթափեցին: Էսքանից հետո հիմա էլ հոպպա-ապպա-հովիչ սթայլ Հայաստանից են բարբաջում' լկստված, կամակոր երեխայի վերջնագրերով. «Տի կտո տակոյ, յա գարեգին նժդեհ, և վերջ», իսկ մենք իրենց առաջվա նման ասում ենք'«պայքար, պայքար մինչև վերջ»: Մտածելը հոգս չի, էս հարցի շուրջ շատ մտահոգվելու կարիք էլ չկա, որովհետև ամեն հայ մանուկ գիտի'վերջը լավ է լինելու, նաև անգիր գիտի «Չարի վերջը», որ դպրոցական ծրագրից կրթնախը հանել չի տվել՝ միամտաբար կարծելով, որ անշառ հեքիաթ է, իրենց քաչալ գլուխներին չի գալու: Իսկ Հայաստանի Հանրապետության ամեն մի հասուն քաղաքացի գիտի նաև, որ մեր երկրի քաղաքական ժամացույցով էս պահին ոչ թե նախընտրական, այլ հետընտրական իրավիճակ է: Ընտրություններն անվավեր են ճանաչվել անցած տարվա դեկտեմբերի վերջին' պառլամետնական ընդդիմության մեծամասնության կողմից: Իսկ Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը հերթական պատային իրավիճակ ստեղծեց շախմատ խաղալ չիմացող ֆեդերացիայի ինքնակոչ նախագահի համար: Ինչ վերաբերում է դոփելուն, դոփում են ձիերը, երբ անհայտ է ուղին ու անծայր է գիշերը, իսկ մեր ուղին հայտնի է ու տանում է ուղիղ դեպի սահմանադրական կարգի վերահաստատում, թե ոնց տեղ կհասնենք' դանդաղ ու հաստատուն քայլերով, վազեվազ, թե չոքեչոք, դա արդեն մարտավարական խնդիր է:
Արմեն, սահմանադրական կարգի վերահաստատումն ի՞նչ ճանապարհով եք պատկերացնում:
Կարճ ճանապարհով հեռու չես գնա' կարճ է, իսկ մենք ուզում ենք հեռու գնալ, ուրեմն երկար ճանապարհով ենք գնալու: Հայաստանում իշխանափոխություն լինելու է միայն ընտրությունների միջոցով. մենք դա վաղուց ենք ամրագրել, մնում է' մյուսները հասկանան, որ խակ ու կանաչ ցոգոլների հեղափոխություն չի լինելու: Ուրեմն, առաջ ընկնելով ասեմ. ցեղակրոն ծեսը, որ առաջիկայում պլանավորում են անցկացնել մի քանի տարոնական քրմեր, որևէ աղերս չի ունենա ընտրությունների հետ, և կլինի իսկական ֆարս' ոչ վաղ անցյալում անցկացվող սովետական ընտրությունների նմանությամբ, ու Հայաստանն անընդմեջ ընտրությունների արդյունքները վիճարկող հետընտրական շրջանում կլինի էնքան ժամանակ, մինչև քաղաքացին հետ չգրավի ընտրատեղամասը' իբրև իր ազատ կամարտահայտման տարածք, ու էդտեղից չքշի ձայնավաճառներին, ինչպես Քրիստոսը Երուսաղեմի տաճարից առևտրականներին: Դա մի գործ է, որ անելու է ոչ թե որևէ կուսակցական կամ ընդդիմադիր առաջնորդ, այլ իրավագիտակից քաղաքացին, հասկանալով ի վերջո, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկը ինքն է:
Այդ դեպքում ինչո՞ւ քվեաթերթիկի հետ քաղաքական խմբերը մարդկանց թողեցին մեն-մենակ և չհիմնավորեցին' ինչու:
Թե մասնակցողները, թե առավել ևս չմասնակցողները բոլորն էլ ծանրակշիռ փաստարկներով հիմնավորել են իրենց քայլը, այլ բան է, որ քաղաքացին իրեն մենակ է զգում ու անտեր: Մեկն ափսոսում է իր կորցրած տաս կամ հարյուր հազարը, մյուսը երբեք էլ չի հավատացել, որ ընտրություններով մեր երկրում հնարավոր է մի բան փոխել, ու հիմա մարգարե է իրեն երևակայում, երրորդն էլ ուրախ է, որ վերջապես քվեաթերթիկի հետ մենակ է մնացել ու ինչ կուզի կանի, նույնիսկ դնի գրպանը դուրս գա ու օգտագործի որպես զուգարանի թուղթ: Ընտրությունների բոյկոտի հաջողված նախադեպեր շատ կան, օրինակ, Յամայկայում 80-ականների սկզբին, ընդդիմության կոչին անսալով շատ քիչ մարդ գնաց ընտրության, իսկ հաջորդին նույն ընդդիմադիր կուսակցությունը մեծ տարբերությամբ հաղթեց: 2000-ին Պերուում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, քվեաթերթիկների մեկ երրորդին գրված էր «ոչ խաբեբայությանը», բոլորի համար դրանք կեղծված ընտրություններ էին' չնայած հաշվարկն անցել էր առանց լուրջ խախտումների: Բայց ես ինքս ակտիվ բոյկոտի կողմնակից չեմ, թե լիներ «բոլորին դեմը»' կաշխատեր հանրապետականների առաջնորդի դեմ, անվավերն աշխատելու է ավելի շատ ընտրողի դեմ, եթե իհարկե գյուղացիներին տրակտոր չբաժանեն քվեաթերթիկ փչացնելու դիմաց: Զուտ տեխնիկական պատճառներով կարծում եմ, որ հնարավոր չի լինի ընդդիմադիր ընտրազանգվածը կոնսոլիդացնել բոյկոտի շուրջ. մինչև մարդկանց բացատրենք, թե ոնց անգլիացի վերակացու Չարլզ Բոյկոտի ազգանունը դարձավ միջազգային բառ, գնացքը կգնա: Լավագույն տարբերակը laissez-faire է: Պետք է լրջորեն վերանայենք մեր ընտրական օրենսգիրքը, որ ձեր ասած մեն-մենակ թողված ընտրողը քվեաթերթիկի և իր միջև ծավալվող հուզական դրաման հեշտ հաղթահարի, բայց միակ մեղավորը էլի հանրապետական հաստագլուխներն են, որ իրենց միակուսությունից չզրկվելու բարդույթից ելնելով' տապալեցին ընդդիմության փայլուն օրենսդրական նախաձեռնությունը և մեկ անգամ ևս փաստեցին, որ ժողվրդավարությունից նույնքան հեռու են, որքան խոզը ծանրաձողից, ու ստացան արժանի հակահարված'բոյկոտի տեսքով:
Սերժ Սարգսյանին մենակ թողնելու առաջարկ կա:
Առաջարկողները ենթադրում են, որ մենակ մնալով նա ամոթից գետինը կմտնի, իսկ ժողովուրդը ոգևորված կլցվի փողոցները: Խնդիր չկա, եթե փետրվարի 20-ին տեսնեք Ազատության հրապարակում մի քանի հազար մարդ հավաքված, հաստատ ինձ էլ կգտնեք նրանց մեջ, բայց քյավառցին ու ապարանցին, ձուն-ձմեռով դժվար տուն-տեղ-գործ թողած գան հասնեն Երևան ֆլեշ-մոբ անելու:
Հիմա քանի որ մեծ հաշվով չկան ընդդիմություններ, կամ շատ տկար են, արդյոք որևէ առողջ ուժ կարո՞ղ է քաղաքացիական ակտիվից ձևավորվել, արդյոք քաղաքացիական հասարակությունը կկարողանա՞ ինքնակազմակերպվել:
Մենք պետք է հանգիստ շարունակենք մեր խաղը, որ շախմատն է, իսկ իրենք իբր քիք-բոքսից անցել են նարդու, բայց անգամ նարդին են զառ բռնելով խաղում:
Հայաստանյան ընդդիմադիր դաշտը երբեք, ոչ մի նախագահական ընտրության ժամանակ այսքան միահամուռ չի գործել, սա քաղաքական դաշտի առողջացման, ոչ թե տկարության նշան է, իսկ շարքային քաղաքացին կանգնած է ոչ թե փակուղու, այլ ճամփաբաժանի առաջ և պիտի ընտրի, ոնց է ուզում մերժել Սերժին' բոքսով, թե շախմատով. եթե բոքսով, ապա պիտի պատրաստ լինի, որ գլուխը կարող է ջարդվել, եթե շախմատով, ուրեմն' գլխին պիտի զոռ տա, մի քիչ ցավեցնի ու զառ բռնողին շախ անելու ձևը գտնի: Մեր Նախագահական ընտրություններում միշտ էլ եղել են ընդդիմադիր զանգվածին սրտամոտ առնվազն երկու թեկնածու' հալալն ու հարամը, ասենք' Դեմիրճյան-Գեղամյան, Տեր-Պետրոսյան– Բաղդասարյան: Էս անգամ էլ կլինի նույնը, մի տարբերությամբ, ժողովուրդը չունի հաղթող թեկնածու ու քարոզարշավի սկզբից կամ էլ վերջում հստակ թիվը կիմացվի, ով ինչքանով է ծախվել: Բագրատյանին համարում եմ ոչ թե համաժողովրդական, այլ ազատականների թեկնածու և միայն ուրախ կլինեմ, եթե լիբերալիզմն աղքատ Հայաստանում, որտեղ կարգին դագաղը նվազագույն աշխատավարձից թանկ է, մի հրաշքով հաղթանակի, օրինակ մայրս էդ հրաշքին հավատում է և իր ձայնը տալու է Բագրատյանին:
Իբրև շարքային կոնգրեսական, կոնգրեսի պառակտված վիճակը, կամ գրեթե չգոյությունը ինչպե՞ս եք գնահատում:
Կոնգրեսն' իբրև ուժ, բազմաշերտ իրողություն է. նախ' գաղափար, հետո'մարդիկ, հետո' հարթակ, և նոր միայն կառույց: Գաղափարն ու մարդիկ ողջ-առողջ են, հարթակը նրանն է, ով ասելիք ունի և կհամոզի մեծամասնությանը ու հաշվի կնստի փոքրամասնության հետ: Եթե Ֆեյսբուքը միակ ժողովրդավարական հայկական վիրտուալ տարածքն է, ապա Կոնգրեսը' նույնի իրականն է, և պատահական չի, որ մենք բաց ենք խոսում, ու տեղն եկած տեղը բացեիբաց էլ կռիվ ենք տալիս, բայց մեր կռիվը գաղափարական է: Բազմակարծությունն ավերիչ ուժ չի, ոչ մեկի տունը չի քանդել, բայց կեղծիքը, սուտն ու դավաճանությունը' շատերինը: Ուրեմն, ես հպարտ եմ, որ հանրային բանավեճի առարկա է դառնում Կոնգրեսի ներքին տարակարծությունը, բայց մարդիկ էլ պետք է պատրաստ լինեն խոսքը գործով ապացուցել: Ի վերջո, եթե որևէ կարևորագույն հարցում քաղխորհուրդը չկարողանա կոնսենսուսի գալ, Կոնգրեսն իր կառույցներով կենսունակ է իրականացնելու ներքին հանրաքվե, որին բոլոր շարքային կոնգրեսականները կարող են մասնակցել, ոմանք էլ գուցե ֆեյսբուքով, որովհետև մենք ֆեյք-չգոյություններ չենք, մեզ բոլորը ճանաչում են' իբրև կոնգրեսի շատ կենդանի միս ու արյուն:
Ինչո՞ւ Կոնգրեսի խոսքը գործ չդարձավ, սահմանադրական կարգ չհաստատվեց: Չուզեցի՞ն, չկարողացա՞ն, սահմանադրական կարգ էին հաստատում մեկի հետ, ով սահմանադրության առաջին կեղծողն է:
Բացի մեզնից դեռ ոչ մի քաղաքական ուժ անգամ չի էլ հռչակել նման գերագույն նպատակ, ուրեմն խաչը մերն է, զորությունը մենք գիտենք: Կարգը գործող խոսքն է, որ ինքներս ենք սահմանել: Ի վերջո, օրը փոխվում է' օրակարգն էլ հետը, բայց մեր կարգախոսը մնացել է անփոփոխ' ազատ, անկախ Հա-յաս-տան, քանի որ երկրում սահմանադրական կարգը չի վերականգնվել: Իմ գործը խոսքն է, էնպես որ, եթե խոսքս տեղ է հասնում, ուրեմն գործս արել եմ, Թումանյանի ասած' ես լավության խոսքն եմ ասում, որ ժպտում է մեր սրտին, իսկ մենք ժպտում ենք ու շարունակում պայքարել, որ վերջը լավ լինի:
«Մինչև բացատրենք, թե ոնց Բոյկոտի անունը դարձավ միջազգային բառ, գնացքը կգնա»
14:30 - 13.Հունվար.2013
Աղբյուր՝
Lragir.am
Առաջարկում ենք նաև
23/04/13 20:00
P.S. Հյուրը Արմեն Օհանյանն է
15/10/24 14:25
Արմեն Խանդիկյանը, Բարսեղ Թումանյանը և Լևոն Թոքմաջյանը Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստացան
15/10/24 10:15
Քոչարյան Անդոն դեմ չի եղել Արմեն Խաչատրյանի թեկնածությանը, մենակ թե Սիմոնյան Ալենի թեկնածուն չանցներ․ «Իրավունք»
02/10/24 11:15
Որքան էլ հզոր էր երեկ Իսրայելին Իրանի հասցրած հրթիռային հարվածը, այն կրում էր ցուցադրական բնույթ. Արմեն Այվազյան
16/09/24 15:27
Կկայանա Արմեն Այվազյանի «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24-սեպտեմբերի 23)» մենագրության շնորհանդեսը
11/09/24 13:24
Արմեն Աշոտյանին ոստիկանական մեքենայով տարան տուն (տեսանյութ)
29/07/24 11:50
Վթարից ՊՆ 20-ամյա ծառայող է մաhացել․ նոր մանրամասներ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան