Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատումից 20 տարի անց իրավիճակն ավելի մոտ է խաղաղությանը, քան պատերազմին: Այս մասին հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը՝  ընդգծելով, որ անհրաժեշտ է վերացնել ցանկացած տեսակի վտանգ, որը կարող է խաթարել հրադադարի ռեժիմը:

 

«Խաղաղության կամ պատերազմի հարցն այս հակամարտության մեջ միշտ կլինի առաջնային: Հիմնահարցի միակ լուծումը խաղաղ, բանակցային ճանապարհն է, պետք է առաջին հերթին զերծ մնալ ուժի կիրառումից: Իրադրությունը նման է «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակին, սակայն ոչինչ չպետք է ստորադասել առաջնային խնդրին' առանց ուժի կիրառման, խաղաղ-բանակցային ճանապարհով հակամարտության լուծմանը»,-նշեց ՄԽ նախկին համանախագահը:

 

Հրադադարի 20-ամյակին նվիրված ասուլիսին ներկա իրողություններին չանդրադառնալ հնարավոր չէր: Դեսպան Կազիմիրովը նշեց, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում էական տեղաշարժ լինել չի կարող: «Անմիջական ազդեցություն չի լինի, այն միջնորդավորված կարող է լինել, սակայն դա նման կլինի «աջ ձեռքով ձախ ականջը քորելուն»: Միջնորդավորված ազդեցությունները, սակայն, որոշիչ չեն լինի»,- նկատեց նախկին համանախագահը:

 

ԵՏՄ-ում գերիշխողը տնտեսական խնդիրներն են, կոմերցիոն հարցերը: Ընդհանուր տնտեսական հարցերում Լեռնային Ղարաբաղի խնդիրը երկրորդական է:

 

Կազիմիրովին ոչինչ հայտնի չէ խաղաղապահների տեղակայման հետ կապված. ովքե՞ր են լինելու խաղաղապահները, ինչպե՞ս է հարցը հիմա դրվում, դրվո՞ւմ է առհասարակ, թե ոչ:

 

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի' խաղաղության համաձայնագրի նախագծի 6 կետերի հրապարակումը նրա հետ էլեկտրոնային նամակագրության առիթ է տվել: Դեսպան Կազիմիրովի տպավորությունն այն է, որ ոչ մի նոր տարր դրանցում չկա: Ուորլիքը պարզապես համադրել-ներկայացրել է այն, ինչ ընկած է մադրիդյան սկզբունքների հիմքում:

 

Կազիմիրովը բավական ժամանակ հատկացրեց' հարթելու ադրբեջանական կողմից ժամանակ առ ժամանակ հրապարակ նետվող խեղաթյուրումներն ու իր նկատմամբ քննադատությունները: Ադրբեջանի իշխանությունների, արտաքին քաղաքական հարցերում նախագահի աջ ձեռքը հանդիսացող Նովրուզ Մամեդովի կողմից իր հասցեին հնչող գնահատականները երբեմն հարստացնում են Ռուսաստանը ներկայացնող նախկին համանախագահի ռուսերեն բառապաշարը:

 

Վերջին տարիներին Բաքուն ակտիվ շրջանառում է 1993թ. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը: Կազիմիրովի խոսքով, Բաքուն այս հարցում էլ է սայթաքում' մոռանալով, թե ով է դրել այդ բանաձեւերը չկատարելու հիմքը. հենց այն կողմը, որը հակամարտությունն ուժով լուծելու կոչ է անում: Նախկին համանախագահը վերհիշում է, որ Քարվաճառի մարտերից հետո Ադրբեջանի նախաձեռնությամբ բանաձեւի ընդունումից հետո Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան եւ Իտալիան պաշտոնապես հարցում արեցին կողմերին' պատրա՞ստ եք, արդյոք, կատարել բանաձեւի պահանջները: «Ստեփանակերտի պատասխանն է ր' այո, Երեւանի պատասխանը եւս դրական էր, Բաքվից պատասխան այդպես էլ չստացվեց: Եվ սա առաջին բանաձեւն էր: Գործնականում մինչեւ 1994թ. գարուն Ռուսաստանի Դաշնությունը մեծագույն հարգանքով էր վերաբերվում միջազգային անվտանգության ապահովման այդ ատյանի' ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր չորս բանաձեւերին, սակայն մենք այդ պայմաններում արդեն չէինք կարող հիմնվել այդ փաստաթղթերի վրա, եւ անհրաժեշտ էր աշխատել այլ հիմքի վրա»,-ասաց նախկին համանախագահը' հիշատակելով ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների խորհրդի' 1994թ. ապրիլի 15-ի հայտարարությունը, որում զա նգվածային արյունահեղության դադարեցման անհապաղ կոչ էր արվում եւ ընդգծվում, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհուրդը պատրաստ է աջակցել' գտնելու միակ ճիշտ' փոխզիջումային լուծումը' կրակի դադարեցման հրամայականով: Կազիմիրովը կարեւոր ու ՄԱԿ-ի բանաձեւերից տարբերվող է համարում հայտարարության մեջ (որն, ի դեպ, ընդունվել է այն նիստում, որին նաեւ Ադրբեջանի նախագահն է մասնակցել) այն դրույթի ամրագրումը, որ հրադադարի հետագա ամրապնդումը գերակայություն է, այլապես հնարավոր չի լինի չեզոքացնել ողբերգական դիմակայման հետեւանքները:

 

Այդուհանդերձ, նա շնորհավորեց Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդներին, որ արդեն 20 տարի է զանգվածային արյունահեղություն չկա, ցավալի միջադեպեր լինում են, սակայն զանգվածային արյունահեղությունը կասեցված է հրադադարի համաձայնագրով, որը ստորագրվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ' չնայած ստորագրմանը նախորդող վիճակագրությունը եւս խոսուն է. միջնորդների խաղաղարար նախաձեռնություններին Ադրբեջանը 20 բացասական պատասխան է տվել, Հայաստանն ու Արցախը' երկուական: