Մոսկվայում հունիսի 3-9-ը կայացած «Ինտերմուզեում 2014» փառատոնի շրջանակում, Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Ռուսաստանի պատմության պետական թանգարանի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մ. Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտից, պայմանագրով նախատեսվում է համատեղ գիտական հետազոտությունների իրականացում տեքստաբանության‚ աղբյուրագիտության‚ հնագրագիտության‚ միջնադարյան մանրանկարչության և պատմագրություն բնագավառներում, տեղեկատվության փոխանակում պատմության‚ մշակույթի‚ թանգարանային գործի‚ պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտներում, համատեղ ցուցադրությունների կազմակերպում, գիտաժողովների‚ սեմինարների և կլոր սեղանների կազմակերպում‚ որոնք նվիրված կլինեն գրավոր ժառանգության պահպանման‚ թանգարանային գործի ու պատմագրության խնդիրներին, գիտական հետազատությունների հրապարակում «Բանբեր Մատենադարանի» և «Պատմության պետական թանգարանի աշխատություններ» տարեգրքերում, թանգարանագետների միջև մասնագիտական կապերի ընդլայնում։
ԱՊՀ մասնակից պետությունների և թանգարանային կառավարման գծով Մատենադարանի տնօրենի խորհրդական Արա Խզմալյանը տնօրեն Հրաչյա Թամրազյանի անունից ողջունել է փառատոնի կազմակերպիչներին և Պատմության պետական թանգարանի տնօրեն Ալեքսեյ Լևիկինին՝ հավաստիացնելով‚ որ Մատենադարանի տնօրինությունը պատրաստակամ է բարձր մակարդակով իրականացնել պայմանագրով նախատեսված բոլոր աշխատանքները։
2014թ. նախատեսվում է նաև Ալեքսեյ Լևիկինի այցը Մատենադարան։ Համագործակցության առաջին քայլերը կիրականացվեն 2014թ. կայանալիք «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի շրջանակում։