Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խորհուրդ է տալիս զերծ մնալ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Սարյան փողոցում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ակտիվիստների և ոստիկանության միջև տեղի ունեցածի վերաբերյալ հապճեպ գնահատակներից: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իրավաչափ է գնահատել Սարյան փողոցում ոստիկանների գործողությունները՝ Անդրեասյանը նշեց. «Եթե նա իսկապես գնահատական է տվել, ապա այն հապճեպ է: Ես խորհուրդ կտայի զերծ մնալ այդպիսի հապճեպ գնահատակներից: Բայց որքան ինձ է հայտնի, դա եղել է ոչ թե գնահատական, այլ ընդհանուր կարծիք, տեսական դատողություններ, որ պետք է լինի համաչափ ուժի կիրառում և այլն: Այդպիսի ընհանուր դիտարկումների ես էլ եմ համաձայն»,-ասաց ՄԻ պաշտպանը:
Միաժամանակ, Անդրեասյանն ընդգծեց, որ կոնկրետ իր իսկ գործողություններին գնահատական նախևառաջ պետք է տա ոստիկանությունը, հետո բոլորս:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցի ժամանակ ցուցարարներն անկարգություններ են հրահրել' Սարյան փողոցում խոչընդոտելով երթեւեկությունը: Սարյան փողոցից 27 մարդ տեղափոխվել է ոստիկանական բաժին' Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի (ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը) համար: