Սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև համաձայնություն է կնքվել Հոմսի Ուաար թաղամասում կրակը դադարեցնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, զինադադարը հունիսի 27-ից ուժի մեջ է մտել և կպահպանվի Ռամադան ամսվա ընթացքում:

 

Սիրիական բանակը հունիսի 27-ին ամբողջովին վերահսկողություն է հաստատել Հալեպի մերձակայքում գտնվող Բեյթ Ջունեյդ կոչվող տեղանքի և երրորդ շրջանի էլեկտրամատակարարման կայանի վրա՝ ոչնչացնելով այնտեղ գտնվող զինյալների վերջին թաքստոցները:

 

Ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ բանակի ստորաբաժանումները զինյալների թաքստոցներ են ոչնչացրել Հալեպի Մարաա, Մանսուրա, Քաֆր Համրա, Թել Ռաֆաաթ, Խան Տուման, Դեր Հաֆր, ալ Լիրմուն, Սինաիա, Շաար բնակավայրերում: Ոչնչացվել են նրանց պատկանող զենքերը:

 

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Ջամիա Զահրա թաղամասում թեժ մարտեր են ընթանում: Կառավարական օդուժը ռմբակոծում է թաղամասը:

 

Աղբյուրը տեղեկացնում է, որ Սիրիայի ազատ բանակի տասնյակ զինվորներ են սպանվել Հալեպի Բարիջ գյուղում: Բացի այդ, թեժ մարտեր են ընթանում քաղաքի Դաուար Սախուր շրջանում:

 

Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնի տվյալներով' Սիրիայում հունիսի 26-ին 59 մարդ է զոհվել, որոնց թվում՝ 8 երեխաներ:

 

Սիրիայում կառավարական ուժերի և զինված ընդդիմադիրների միջև երեք տարուց ավելի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 150 հազար մարդ, այդ թվում' զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: