Հայաստանի վետերանները պատրաստվում են մեծ շուքով նշել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա տարեդարձը: Այդ առիթով լայնածավալ միջոցառումների կազմակերպումը և բարձր մակարդակով անցկացումն առաջնահերթ խնդիր է ՀՀ վետերանների միավորման համար: Միավորման 11-րդ հաշվետու համագումարի ընթացքում այս մասին ասաց միավորման խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը:

 

«Վետերանների միավորման կողմից հաշվետու ժամանակահատվածում հատկապես մեծ ծավալի նախապատրաստական աշխատանքներ են կատարվել և բարձր մակարդակի վրա են դրվել լայնամասշտաբ միջոցառումներ՝ նվիրված հազարամյակի ամենադաժան և արյունահեղ պատերազմում սովետական ժողովրդի՝ ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 68-րդ և 69-րդ տարեդարձներին: Առաջիկայում մեզ համար կարևոր խնդիր է լինելու նաև Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա տարեդարձին նվիրված լայնածավալ միջոցառումների կազմակերպումն ու բարձր մակարդակով անցկացումը»,- ասաց նա:

 

Ներկայացնելով ՀՀ վետերանների միավորման 2012-2014թթ. գործունեության հաշվետվությունը՝ Եսայանը տեղեկացրեց, որ վետերանների տարածքային կազմակերպությունները մեծ աշխատանք են կատարել և մշտապես անց են կացնում հուշարձանների, հուշահամալիրների, հուշասյուների, հուշատախտակների և եղբայրական գերեզմանների պահպանման և բարելավման գծով: Նա ընդգծեց, որ Հայաստանի այս լավագույն փորձը Կոորդինացիոն խորհրդի որոշմամբ արժանիորեն հասցվել է ԱՊՀ վետերանական բոլոր կազմակերպություններին:

 

Նա ընդգծեց, որ հանրապետության տարածքային վետերանական բոլոր կազմակերպություններում անցկացված հաշվետու ընտրարշավը նշանակալիորեն առանձնանում է իր բարձր կազմակերպվածությամբ և պատերազմի, թիկունքի ու աշխատանքի վետերանների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ: «Բարձր մակարդակով են կազմակերպվել ու անցկացվել հաշվետու-ընտրական կոնֆերանսները Վանաձորի, Ավանի, Կենտրոնի, Նոր Նորքի, Շենգավիթի, Ապարանի, Աշտարակի, Արտաշատի, Գյումրիի վետերանական կազմակերպություններում, 1941-1945թթ. պատերազմի և զինծառայու թյան վետերանների կոմիտեում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նույնը չի կարելի ասել Արաբկիրի, Իջևանի, Թալինի, Տավուշի, Դավիթաշենի վետերանական կազմակերպությունների կոնֆերանսների մասին, որոնք անցել են զգալի թերացումներով:

 

Վետերանների միավորման կարևորագույն խնդիրներից է նաև վետարենների սոցիալական ապահովության, ինչպես նաև երիտասարդ սերնդի մեջ ռազմահայրենասիրական ոգի սերմանելու հարցը, որի ուղղությամբ ևս լուրջ աշխատանքներ են կատարվել: Սիմոն Եսայանը տեղեկացրեց, որ դպրոցների աշակերտների, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության հիմնարկությունների ուսանողների, ԶՈՒ ստորաբաժանումների և զորամասերի զինվորների և աճող սերդնի հետ վետերանական կազմակերպությունների կողմից տարվող ռազմահայրենասիրական դաստիարակության գծով աշխատանքների ակտիվացմանը զուգահեռ, առկա են որոշակի թերություններ: «Վետերանների միավորման խորհրդի և վետերանական կազմակերպությունների կողմից տեղերում կատարված աշխատանքների մեջ չկա հստակություն՝ վետերանների առավել սուր խնդիրների լուծման համար: Վետերանների սոցիալական խնդիրները շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում»,- նշեց Եսայանը:

 

ՀՀ վետերանների միավորման 11-րդ համարգումարին մասնակցում են 214 միավորման անդամներ, ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, ինչպես նաև ՀՀ-ում Ուկրաինայի և ՌԴ դեսպանություններից: Համագումարի մեկնարկին տեղի ունեցան միավորման նախագահության, քարտուղարության և հանձնաժողովների կազմերի ընտրության քվեարկությունները, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած միավորման անդամ վետերանների հիշատակը: