Սերժ Սարգսյանի հրամանագրով` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Տիգրան Սարգսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանով` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի):
Լուրեր.com-ը նախկին վարչապետի և նախկին նախարարի` դեսպան նշանակվելու մասին զրուցեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ:
«Իմ կարծիքը Տիգրան Սարգսյանի մասին հայտնի է ՀՀ բոլոր քաղաքացիներին և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին: Տիգրան Սարգսյանը պետք է բազմաթիվ հոդվածներով պատասխանատվության առջև կանգներ, այլ ոչ թե գործուղվեր դիվանագիտական աշխատանքի»,- ասաց Որիխանյանը:
Անդրադառնալով Յուրի Վարդանյանի` դեսպան նշանակվելուն, Ուրիխանյանը նշեց, որ լավ մարզիկը չի կարող լավ դիվանագետ աշխատել.
«Ինչպես լավ կարդիոլոգ-վիրաբույժը չի կարող կոշկակար աշխատել, կամ լավ ատաղծագործը չի կարող հանրահաշվի ուսուցիչ աշխատել, այդպես էլ լավ սպորտսմենը չի կարող լավ դիվանագետ աշխատել»: