ԵԱՀԿ-ն մտադիր է վերականգնել իր գրասենյակի գործունեությունն Ադրբեջանում: ԵԱՀԿ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովը Բաքվում ընթացող համաժողովում օրակարգ է մտցրել Ադրբեջանում իր գրասենյակի գործունեությունը վերականգնելու մասին հարցը:

 

Չնայած ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները փորձել են բողոքել այդ որոշման դեմ' պահանջելով բանաձեւի նախագծից հանել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը վերականգնելու մասին կետը, ուղղումը քվեարկության է դրվել եւ ընդունվել:

 

Ադրբեջանի կառավարության երկարատեւ եւ համառ ջանքերից հետո ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը, փաստորեն, դադարեցրել է իր գործունեությունը' Բաքվում իր գտնվելը սահմանափակելով միայն նախագծերի համակարգողի կարգավիճակով: ԵԱՀԿ նոր գրասենյակի մանդատը ուժի մեջ էր մտել 2014 թվականի հունվարից: Այդ մասին որոշումն ընդունվել էր ԵԱՀԿ Մշտական խորհրդում, անցյալ տարվա հուլիսի 26-ին: