Պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկի' ներկայում Թուրքիայում զբոսաշրջային կետնրոնի վերածված Անի քաղաքի ավերակները 2014 թվականի 6 ամսվա ընթացքում իրենց մոտ են բերել 21 հազար զբոսաշրջիկների: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Թեպետ թուրքական իշխանությունն երը ներկայում ձևականորեն իրականացնում են Անիի պատմամշակութային կոթողների վերանորոգման և վերականգնման աշխատանքներ, այդուհանդերձ քաղաքը չի դադարում այժմ էլ մեծ հետաքրքրություն ներկայացնել տարբեր երկրների ներկայացուցիչների համար:

 

«Այս քաղաքակրթությունների քաղաքը նախորդ տարի այցելել է 23 հազար 730 մարդ, իսկ այս տարվա միայն վեց ամսիների ընթացքում արդեն 21 հազար մարդ: Մշակութային տուրերով հնագույն քաղաք այցելող տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների թվում մեծ աճ է գրանցվել: Զբոսաշրջիկները գերազանցապես գալիս են Գերմանիայից, Հայաստանից, Վրաստանից և Ճապոնիայից»,- ասել է մշակույթի և զբոսաշրջության նախարարութության նահանգային բաժնի տնօրեն Հաքան Դողանայը: Նա նշել է, որ Անին արժանի է տեղ գնելու համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ, իսկ քաղաքի պահպանությունը «ներկա և գալիք սերունդների պարտականությունն է»:

 

Չնայած թուրք պաշտոնյաների նման բարձրագոչ հայտարարություններին' իրականում շատ հաճախ ականատեսն ենք լինում հակառակ երևույթին: Մեկ անգամ չէ, որ թուրքական պետական շրջանակների հրահանգներով ոչնչացվում են հայկական պատմամշակութային հուշարձանները և դրանցում առկա հայկականության տարրերը, իսկ դրա պաշտպանությունը ստանձնած կառույցների անուշադրության հետևանքով քաղաքի տարածքը ոչ հազվադեպ վերածվում է ընտանի կենդանիների համար օգտագործվող արոտավայրի: