Եվրամիության խորհուրդը հետաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցի քննարկումը: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունում՝ ամփոփելով հանրակցության 28 երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով ԵՄ-ի խորհրդի՝ Բրյուսելում ավարտված նիստի արդյունքները:
«Ռուսաստանը ձեռնարկել է Ուկրաինայի արևելքում իրադրության ապաէսկալացման մի շարք քայլեր, մասնավորապես, ապահովելով պատանդների, ներառյալ ԵԱՀԿ-ի դիտորդների ազատումը և մասնակցելով իրադրության կարգավորման շուրջը բարձր մակարդակի ուղղակի բանակցություններին: Այս պայմաններում ԵՄ-ի երկրները որոշել են հետաձգել պատժամիջոցների հարցի քննարկումը մինչև ԵՄ-ի խորհրդի՝ մշտական ներկայացուցիչների մակարդակով հաջորդ նիստը, որը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին»,- հայտնել է Եվրոպայի դիվանագիտական մի աղբյուր:
Ինչպես նշել է եվրոպացի մեկ այլ դիվանագետ, «այս պահին ԵՄ-ն մնում է պատժամիջոցների երկրորդ փուլում», այսինքն՝ խոսքը վերաբերում է ոչ թե տնտեսական միջոցառումներին, այլ ՌԴ-ի ղեկավարության ներկայացուցիչների սև ցուցակում նոր լրացումներին, որոնց համար մինչև նոյեմբեր փակ է մուտքը Եվրամիության տարածք: