Աշխարհին կներկայացվի Հայոց ցեղասպանության մասին 1916-1917 թթ. վկայություններն ընդգրկող արխիվային փաստաթղթերի եռահատոր ժողովածուի թուրքերեն թարգմանությունը: «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» հատորյակի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 3-ին ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում: Թուրքերեն թարգմանության հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն, թարգմանիչ Տիրան Լոքմագյոզյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, «Վան» ՀԿ պատվավոր նախագահ Ռուբեն Գալչյանը կներկայացնեն 1500 օրինակով լույս տեսած աշխատությունը: Ներկա կլինեն նաև հայ անվանի թուրգաքետներ Ռուբեն Սաֆրաստյանը, Ռուբեն Մելքոնյանը և պատմաբաններ, ովքեր իրենց կարծիքը կհայտնեն նյութի վերաբերյալ:

 

ժողովածուի թուրքերեն տարբերակը լույս է տեսել չորս օր առաջ' մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուի հրատակչությամբ և Լիսաբոնի Գյուլբենկյան հաստատության հովանավարությամբ, և դեռ չի բաժանվել գրախանութներին: «Արդեն թարգմանված ունենք հատորի ռուսերեն տարբերակը, բայց' ոչ հրատարակված: Մոտ ապագայում ծրագրում ենք լույս ընծայել գերմաներեն, իսպաներեն և ֆրանսերեն թարգմանությունները: Ֆինանսները պետք է հայթայթենք, որ կարողանանք տպագրել»,- նշեց նա:

 

1916-17 թթ-ին' Հայոց ցեղասպանությունից հետո Անդրկովկասի տարածքում, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի այն հատվածներում, որոնք արդեն գրավվել էին ռուսական բանակի կողմից, իրականացվել է այսօրվա ընկալումով մի ծրագիր, որի նպատակն էր պարզել, թե ինչ էր կատարվել Արեւմտյան Հայաստանում 1915-ին: Նախ լույս էր տեսել «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայությու ններ: Արխիվային փաստաթղթեր» հայերեն եռահատոր աշխատությունը, որում ներկայացվում են Հայոց ցեղասպանության վերապրածների տված 600-ից ավելի վկայություններ: Ապա այն թարգմանվել է թուրքերեն: Եռահատորի առաջին հատորը պատմում է Վանի նահանգի մասին, որը բաժանված է ըստ գավառների, որոնք էլ' ըստ գավառակների:

 

Երկրորդը վերաբերում է Բիթլիսի նահանգին, որի մեջ մտնում էր Մանազկերտը, Մուշը, Սա սունը, Բիթլիսը: Երրորդ հատորը վերաբերում է Արեւմտյան Հայաստանի մյուս տարածաշրջաններին' Խարբերդին, Տիգրանակերտին, Տրապիզոնին: Գիրքն ունի տեղեկատու համակարգ, բոլոր բնակավայրերը բացատրված են թե որտեղ են գտնվում, մարդկանց մասին հնարավորին տեղեկություններ կան, իսկ անհասկանալի բառերը կարելի է գտնել օտար կամ բարբառային բառերի բառարանում: Իրավական առումով այն ունի մեծ նշանակություն, քանի որ վկայությունները գրի են առնվել մեկ տարի հետո, որբ խոսք չկար դեռեւս Հայոց ցեղասպանության մասին: