Եվրասիական տնտեսական միության պոտենցիալ նոր մասնակիցների թվում ռուսաստանցիները տեսնում են Հայաստանը: Այդ մասին հուլիսի 3-ին Մոսկվայում լրագրողներին հայտնել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) ներկայացուցիչ Կիրիլ Ռոդինը՝ ամփոփելով կենտրոնի անցկացրած հարցման տվյալները: Նման կարծիք է հայտնել հարցման մասնակիցների 45 տոկոսը: Հաջորդ տեղերում են Ադրբեջանը՝ 23 տոկոս, Ղրղզստանը և Մոլդովան՝ 20-ական տոկոս: ԽՍՀՄ-ի նախկին հանրապետությունների շարքում վերջին տեղում Ուկրաինան է՝ 10 տոկոս: «Դա այն վշտալի իրադարձությունների հետևանքն է, որոնք տեղի են ունենում այնտեղ»,- ասել է Ռոդինը:

 

Ռուսաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը պաշտպանում է Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Եվրասիական տնտեսական միության ստեղծումը: ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագիրն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ին:

 

«70 տոկոսը հավանություն է տալիս Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը: Դրան բացասաբար է վերաբերվում ընդամենը 4 տոկոսը»,- նշել է Ռոդինը:

 

Հարցվածների 41 տոկոսն այն տեսակետն ունի, որ Եվրասիական տնտեսական միությունը պետք է դառնա միանգամայն նոր միավորում՝ նոր սկզբունքներով: Եվս 27 տոկոսը ԵՏՄ-ն դիտում է որպես ԽՍՀՄ-ի նորովի վերականգնում, հարցվածների 10 տոկոսն այն կարծիքին է, որ այն պետք է դառնա Եվրամիության եվրասիական անալոգը: Հարցման մասնակիցների 34 տոկոսը նոր միության ապագա մայրաքաղաք է տեսնում Եկատերինբուրգը, 22 տոկոսը՝ Մոսկվան, 16 տոկոսը՝ Աստանան, 4 տոկոսը՝ Մինսկը: Հարցվածների 12 տոկոսն այն կարծիքին է, որ ԵՏՄ-ի մայրաքաղաք հարկավոր չէ: Ռոդինը հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման նախաձեռնողը՝ Ղազախստհանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որպես հնարավոր մայրաքաղաքներ առաջարկել է Եկատերինբուրգը և Աստանան:

 

ՀԿՈւՀԿ-ի համառուսաստանյան հարցմանը մասնակցել է 18-ից բարձր տարիքի 1,6 հազար մարդ: Վիճակագրական սխլանքը չի գերազանցում 3,4 տոկոսը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: