Հույն Ուղղափառ եկեղեցու պատրիարքության երիտասարդությունը շարունակում է օգնություն տրամադրել քեսաբցիներին: Այս մասին տեղեկանում ենք Քեսաբի հայ Կաթողիկե եկեղեցու վարդապետ Նարեկ Լուիսյանի ֆեյսբուքյան էջից: Հայտարարության մեջ նշված է, որ այսօր՝ հուլիսի 3-ի առավոտյան, Քեսաբի համալիրում բնակիչներին օգնություն կտրամադրվի: Օգնության փաթեթների մեջ ընդգրկված են անկողնային պարագաներ և ծածկոց: Հույն Ուղղափառ եկեղեցին քեսաբցիներին տրամադրել էր նաև խոհանոցային և մաքրության պարագաներ:
Ավելի վաղ վարդապետ Լուիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ հունիսի 15-ին Քեսաբի ազատագրումից հետո հայրենիք վերադարձած քեսաբահայերը ծանր վիճակում են հայտնվել: Քեսաբցիների բոլոր բնակարաններն անխտիր կողպտվել են: Բնակարաններից որոշները զրկվել են ամեն տեսակի տեխնիկայից՝ սառնարանից, լվացքի մեքենայից, խոհանոցային անհրաժեշտ պարագաներից, որոշները հրկիզվել են, մյուսների վրա ռումբ է ընկել և այնտեղ հնարավոր չէ ապրել: Վարդապետի խոսքով' Քեսաբում տեղյակ են, որ աշխարհի տարբեր մասերից մեծ հանգանակություններ են կատարվել, որոնք դեռևս իրենց չեն հասել:
Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: