Թուրքական «Թարաֆ» թերթի հրապարակումն այն մասին, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանը բացելու հանձնարարական է տվել, հիստերիայի հերթական ալիքն է բարձրացրել Ադրբեջանում: Չնայած թուրքական լրատվամիջոցները, մեկը մյուսի հետևից, իրենց աղբյուրները վկայակոչելով, հրապարակել են այս տեղեկությունը և պաշտոնական Անկարան այն չի հերքել, հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարից տագնապած ադրբեջանական լրատվամիջոցները, իբր, դիմել են Թուրքիայի ԱԳ նախարարություն, որտեղից հայտնել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' «Թարաֆ» թերթը գրել է, թե օգոստոսին անցկացվելիք նախագահական ընտրություններում երկրի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու Էրդողանը պատրաստվում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու նպատակով կատարել երկրորդ քայլն ապրիլի 24-ին ընդառաջ հղված «ցավակցական» ուղերձից հետո:
Հղում կատարելով սեփական աղբյուրներին, թերթը նշում է, որ հանձնարարվել է ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993 թվականից Հայաստանի հետ փակ Ալիջանի սահմանադուռը բացելու համար ավարտին հասցնել բոլոր պատրաստությունները: Ըստ թերթի' սահմանադուռը ծրագրվում է բացել սեպտեմբերին, ինչով Թուրքիան նպատակադրվում է նորմալացնել ԱՄՆ-ի և Հայաստանի հետ իր հարաբերությունները:
Թերթը նշում է, որ Ալիջանի սահմանադուռը բացելու նախապատրաստական աշխատանքները թուրքական կողմը սկսել էր դեռևս 2012 թվականից: Այդ ընթացքում դեպի Ալիջանի սահմանակետ ձգվող 7 կմ ճանապարհը հիմնանորոգվել և ասֆալտապատվել է: Անցակետը տեխնիկապես վերազինվել է մաքսային ծառայության համար անհրաժեշտ X Rayler սարքավորումներով:
«Թեև հստակեցված չէ սահմանի պաշտոնական բացման ժամանակացույցը, սակայն, կուլիսներում խոսակցություններ կան, որ հավանաբար այն կբացվի սեպտեմբերին»,- գրում է թերթը:
Ըստ թերթի՝ հայ-թուրքական սահմանը բացելու ցանկություն էր հայտնել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2009 թվականին Անկարա կատարած այցի ժամանակ: «Ակնկալվում է, որ սահմանի բացմամբ ոչ միայն կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները, այլ որոշակիորեն կբարելավվեն նաև ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները: Թուրքիայի կողմից սահմանի բացմանը կհետևի Հայաստանի պատասխան քայլը, ինչի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ կսկսեն ընթանալ»,-գրում է թուրքական թերթը:
Հայկական կողմը մշտապես հայտարարել է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին, ինչին ի պատասխան ստացել է թուրքական կողմի հստակ արձագանքը' նախապայմանների լեզվով' երկկողմ հարաբերությունները փոխկապակցելով ԼՂ հիմնահարցի հետ: