Մայրաքաղաքում հուլիսի 13-20-ն անցկացվելիք «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի իր ծրագրում ընդգրկել է յուրահատուկ և ինքնատիպ վարպետության դասեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունից, հուլիսի 14-ին օպերատորական արվեստի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի ավստրիացի կինեմատոգրաֆ, վաստակաշատ օպերատոր Քրիստիան Բերգերը: Հուլիսի 15-ին ռեժիսորական արվեստի մասին դաս կանցկացնի չինացի հայտնի ռեժիսոր Ցզյա Չժան-կեն:

 

Հուլիսի 17-ին վարպետության դաս կանցկացնի անվանի կինոգետ, Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն Ռիչարդ Պենյան: Դասախոսությունը վերնագրված է «Աֆրո-ամերիկյան անկախ կինոյի սկզբնավորումը»: Հուլիսի 18-ին սցենարական արվեստի գաղտնիքները ներկայացնող վարպետության դաս կանցկացնի գրող, վիպասան, սցենարի հեղինակ և գրական թարգմանիչ Պետրոս Մարկարիսը (Հունաստան), իսկ հուլիսի 19-ին դերասանական արվեստի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի ֆրանսիացի անվանի դերասանուհի Աննա Մուգլալիսը:

 

Վարպետության բոլոր դասերը կանցկացվեն «Նաիրի» կինոթատրոնում՝ ժամը 15:00-ին: «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում իրականացվող վարպետության բոլոր դասերի մուտքն ազատ է: