Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ մարզային քննարկումներին զուգահեռ Երևանում անցկացվում է նաև միջազային համաժողով «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով, որին մասնակցում են արտասահմանցի և հայ փորձագետներ: Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով' նման լսարաններում մտքերի փոխանակման ժամանակ կարելի է հասնել լուծումների, առաջարկների, որոնք հաշվի կառնվեն հայեցակարգի մշակման ժամանակ: «Մենք կկարողանանք շրջադարձային այս փուլում գտնել այնպիսի լուծումներ, որ մեր երկրի և հասարակության կայուն զարգացումը երաշխավորված լինի: Առաջին անգամ է մեր հայ իրականության մեջ, որ կարևորագույն նշանակության խնդիրը ընդհուպ մինչև լուծման եզրին հասնելը, հանրային քննարկման առարկա է դառնում նախագծային փուլում: Հանձնաժողովը ձեռնարկեց այդ քննարկումները ոչ պատահական ձևով, այլ նկատի ունենալով, որ հայեցակարգում լուծումները չպետք է հիմված լինեն այս կամ այն անձի, քաղաքական ուժի կոնկրետ նկրտումների շրջանակներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտնեց Գագիկ Հարությունյանը:

 

ՍԴ նախագահի դիտարկմամբ՝ ներկայումս իրականացվող փոփոխություններն ուղղված են ոչ միայն այսօրվա քաղաքացիներին, այլև հետագա սերունդներին և գործընթացը հավասարակշիռ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ հանրային կարծիք՝ թե մասնագետների, թե ոչ մասնագետների կողմից:

 

Գագիկ Հարությունյանը կարևորեց այն հանգամանքը, որ համաժողովին են մասնակցում միջազգային պրոֆեսորներ, ում առաջարկները կարող են օգտակար լինել: «Օգոստոսի 22-ին, երբ հանձնաժողովը կհավաքվի ամփոփելու հանրային քննարկման արդյունքները, բավականին նոր նյութ կլինի, որը շատ օգտակար է»,- նշեց Գագիկ Հարությունյանը:

 

«Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը ևս կարևորեց նման համաժողովի անցկացման անհրաժեշտությունը: «Սահմանադրությունն ընդունված ամենալայն հասարակական համաձայնությունն է և այդ պատճառով հասարակությունը պետք է ոչ միայն գիտելիք, պատկերացում ունենա դրա բարեփոխումների մասին, բայց և պետք է ունենա անմիջական մասնակցություն դրանում: Այս բարեփոխումներն ընթանում են մի շրջանում, երբ հանրային վստահությունը տարբեր ինստիտուտների նկատմամբ շատ ցածր է: Այս մթնոլորտում, երբ չունենք այն կարևորագույն հարթակի հասանելիությունը հեռուսատեսության և մամուլի լայն քննարկումների համար, մտքերի լայն փոխանակում դժվար է ապահովել: Այս նախաձեռնությունը մի փորձ է և հուսով ենք' կկարողանանք ինչ-որ ձևով սկսել գործընթացն ու դարձնենք այն ավելի ընդգրկուն ու ծավալուն»,- ասաց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը:


Լարիսա Մինասյանի հավաստմամբ՝ տարիների ընթացքում կատարված մշտադիտարկումները, որոնք ուղղված են եղել իրավունքների, ազատությունների կառավարման հարցերին ու արդարադատության վիճակին, ցույց են տվել, որ կան խորքային խնդիրներ այդ իրավունքները պաշտպանելու համար: «Վերլուծելով և մշտադիտարկելով մի շարք լայնածավալ բարեփոխումային ծրագրեր, բազմիցս մենք նաև ստիպված ենք եղել արձանագրել, որ դրանք կատարվում են օրենքի տառը հարգելով, ոչ թե իրավունքի ոգին պաշտպանելով ու առաջ տանելով: Եթե այսպիսի մոտեցում դրսևորենք սահմանադրական փոփոխությունների այս փուլում, դա կլինի շատ վտանգավոր»,- ասաց Լարիսա Մինասյանը: