Բրիտանական The Daily Mail թերթը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ներկայացրել է որպես աշխարհում ամենակոռումպացված ռեժիմներից մեկի ղեկավար եւ բռնակալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սեբաստիան Շեքսպիրի հեղինակած հոդվածում Ադրբեջանի «միլիարդատեր բռնակալ ղեկավար» Ալիեւի հետ սերտ հարաբերություններ ունենալու համար կրկին խիստ քննադատություններ են հնչել Մեծ Բրիտանիայի թագաժառանգ, Յորքի դուքս Էնդրյուի հասցեին:

 

Հոդվածում ասվում է, որ հուլիսի 8-ին Էնդրյուն Բուկինհեմյան պալատում գաղտնի հանդիպում է ունեցել ադրբեջանական նավթի արտահանման հիմնական օպերատոր «Բրիթիշ Փերոլիում» (BP) ընկերության տնօրեն Ռոբերտ Դադլիի հետ:

 

Թերթը նշում է, որ թեեւ Ալիեւի հետ անօրինական առեւտրային գործարքներ ունենալու մասին մի շարք աղմկալից լուրերի հրապարակումներից հետո երեք տարի առաջ Էնդրյուն հրաժարվել է Մեծ Բրիտանիայի առեւտրի հարցերով ներկայացուցչի պաշտոնից, սակայն նա դեռեւս շարունակում է Բրիտանիայի հետ կապված բիզնես շահերի տեսակետից մի շարք երկրների հետ ունեցած իր նախկին հարաբերությունները:

 

Թերթը հայտնում է, որ Էնդրյուն վերջին 6 տարում 8 անգամ հանդիպել է Ալիեւի հետ. բրիտանական մամուլը գրել է, որ բացի պաշտոնական եւ մասնավոր այցերից, Էնդրյուն Ադրբեջանում մասնակցել է մասնավոր «փարթիների» եւ Ալիեւի համար ընթրիք կազմակերպել Բուկինհեմյան պալատում: Հոդվածի համաձայն' Ադրբեջան կատարած այցերից մեկին, Էնդրյուն եղել է նաեւ Ալիեւներին պատկանող մերսման շքեղ սրահում, որտեղ աշխատում է «աշխարհի ամենալավ ձեռքերը» անունով հայտնի ռուս մերսողը:

 

Բրիտանական մամուլում Ադրբեջանի հետ կապված քննադատական հոդվածների հրապարակումը խոսում է այն մասին, որ այդ երկրների միջեւ հարաբերությունները վերջին շրջանում լարվել են: Բանը հասել է նրան, որ երկար ժամանակ Բրիտանիայում լոբբիստական գործունեություն ծավալած Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի որդին' Թալեհ Հեյդարովը որոշել է իր կողմից հիմնադրված «Եվրոպա-Ազերբայջան» կազմակերպությունը Մեծ Բրիտանիայից տեղափոխել Ֆրանսիա:

 

Ենթադրվում է, որ BP-ի տնօրենի հետ Էնդրյուի գաղտնի հանդիպումը կապված է Բրիտանիայի եւ Ադրբ եջանի միջեւ հարաբերությունների լարման հետ: Բացի դրանից, Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանին փոխելը եւս դրանով է բացատրվում: