Օրերս Հայաստանի Գրողների միությունում տեղի ունեցավ ծագումով հալեպցի, ֆրանսահայ գրող, մտավորական Մովսես Պչաքչյանի «Երկերի լիակատար ժողովածուի» շնորհանդեսը: Այս մասին գրում է 168.am-ը: Ժողովածուի հատորներից մեկում, ի թիվս գրողի տարբեր տարիներին գրված հոդվածների և հրապարակախոսությունների, տպագրված են նաև Մովսես Պչաքչյանի երկու հարցազրույցները՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. առաջին հարցազրույցը տեղի է ունեցել 1992թ. հուլիսի 27-ին՝ Լ. Տեր-Պետրոսյանի բնակարանում, իսկ երկրորդը՝ 1994թ. սեպտեմբերի 6-ին՝ նախագահական նստավայրում: Ի դեպ, հարցազրույց վարողն իր հարցերի մի մասը կազմել է Երևանի փողոցներում՝ պատահական անցորդների միջոցով: Ֆրանսահայ հրապարակախոսի այս հարցազրույցները հայաստանյան ընթերցողին, ըստ էության, անծանոթ են: Ներկայացնում ենք առավել ուշագրավ հատվածները:
Առաջին հարցազրույցը սկսվում է Լևոն Տեր-Պետրոսյանի կյանքից. պատասխանելով մանկության և երիտասարդության մասին հարցերին՝ նախագահն ասում է.
- Հալեպից որևէ հուշ չի պահպանվել, որովհետև ընդամենը երկու տարեկան եմ եղել, երբ որ մեր ընտանիքը ներգաղթել է Հայաստան, և, փաստորեն, ես այստեղի դաստիարակություն եմ ստացել: Ինչ վերաբերում է մեր ընտանիքի կյանքին, ապա դրա մասին տեղյակ եմ ընտանեկան ավանդույթների շնորհիվ: Իմ նախնիները մուսալեռցի են: Մեծ հայրս եղել է գյուղացի մարդ, բայց նաև ինչ-որ չափով մասնակցել է հեղափոխական գործունեությանը: Երբ ՄուսաԼեռում էր գտնվում հնչակյան հեղափոխական Աղասի Թուրսարգիսյանը, տեղում նա կազմակերպել էր մի քանի խմբակներ և զինված ջոկատներ. ահա այդ ջոկատներից մեկի անդամներից է եղել իմ մեծ հայրը:
Մինչ այդ իմ բոլոր նախնիները եղել են հոգևորականներ, և մեր ազգանունը հասնում է մինչև 18-րդ դարի սկզբները, երբ ամբողջ Կիլիկիայում հայտնի է եղել Անթաքալի տեր Պետրոս քահանան, որ իմ նախապապն էր: Մեծ հայրս, դժբախտաբար, քահանա չի դարձել, որովհետև ծնվել է հոր մահից հետո, և ժառանգականությունը խախտվել է: Ինչ վերաբերում է հորս, նա 25 թվականից արդեն մտել է հեղափոխական շարժումների մեջ, պատանի ժամանակ եղել է հնչակյան, այնուհետև տարվել է կոմունիստական գաղափարներով, եղել է Սիրիայի և Լիբանանի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկը: Բազմիցս ենթարկվել է հալածանքների ֆրանսիացիների կողմից, բանտարկությունների, աքսորների, և ահա այդպես՝ 25 թվից, որ գործում էր Բեյրութում, 36 թվականին աքսորվել է իր ծննդավայրը՝ Մուսա Լեռ, որտեղ ամուսնացել է, ընտանիք կազմել, և մեծ եղբայրս ծնվել է Մուսա Լեռում՝37 թվականին: 39 թվականին՝ Սանջակի հանձնումից հետո, մենք տեղափոխվել ենք Հալեպ:
Հալեպում նա շարունակել է իր հեղափոխական գործունեությունը, վիշիստների ժամանակ ղեկավարել է Հալեպի ընդհատակը և 46 թվականին տեղափոխվել Հայաստան: Այստեղ հայրս բանվորություն է արել ատաղձագործական գործարանում, շատ ցածր վարձատրվել: Չքավոր կյանքով ենք ապրել: Յոթ հոգանոց ընտանիքի միակ եկամուտը հորս աշխատավարձն է եղել, չնչին մի աշխատավարձ, որը մեզ մինչև 58-59 թվականները դատապարտել է բացարձակ չքավորության: Այդ թվականից հետո, երբ եղբայրներս մեծացան, մեր ընտանիքի բեռը մի փոքր թեթևացավ, և մեր կենսամակարդակը բարելավվեց: Ավարտել եմ, ուրեմն, Երևանի արվարձաններից մեկում՝ Նոր Արեշ թաղամասում գտնվող միջնակարգ դպրոցը: Նոր Արեշը մի գունեղ թաղամաս էր, որ բացարձակապես բնակեցված էր հայրենադարձներով՝ տարբեր երկրներից, ամեն մեկը իր երկրի վարքերով, իր լեզվով, լեզուների և սովորույթների մի հետաքրքրական խառնարան էր, խայտաբղետ խառնարան:
Դա երևի պիտի սպասի իր գրողին: Ես վստահ եմ, որ այդ թաղի գրողը պիտի ծնվի: Դա մի հարստություն էր, մի շերտ, որ չպետք է կորչի: Մեր փողոցում հնչում էին տարբեր լեզուներ, տարբեր երգեր: Երեխաները մանկուց արդեն կարողանում էին խոսել մի քանի լեզուներով: Փոքր ժամանակ հունարենը, թուրքերենը փողոցում եմ սովորել: Այդպես՝ բոլորը: Եվ մի բան էլ պետք է ասել, որ էն ժամանակվա կյանքը շատ հետաքրքրական էր, բոլոր ծնողները համարյա զբաղված էին ընտանիքի հոգսերով, պարզապես ընտանիքին կերակրելու ծանր աշխատանքով, և, փաստորեն, երեխաները մեծանում էին փողոցում: Այդ մանկական հասարակությունները, նրանց դպրոցը, նրանց կյանքի պայքարը տեղի էր ունենում, ուրեմն, փողոցում: Եվ դա, իհարկե, երեխաներից ոմանց հասցրեց նույնիսկ բանտեր, արկածների ենթարկվեցին շատ-շատերը: Անտերություն էր:
Շատերն էլ կարողացան այդ շրջապատի վատ ազդեցություններից խուսափել, որոշակի կամք ձեռք բերեցին՝ էդ փողոցային պայքարի ընթացքում ձևավորված, և հետագայում կարողացան հասնել լուրջ դիրքերի: Ուրեմն, այսպես, բևեռացում կարելի է տեսնել. մի կողմից՝ իսկապես կար փչացման պահ սերնդի, մյուս կողմից էլ՝ էդ ճեղքում իրագործողները հասնում էին որոշ դիրքերի: Ուրեմն, ավարտել եմ Երևանի Համալսարանի արաբական գրականության և լեզվի բաժինը: Այդ մասնագիտության ընտրությունը չի կարելի նպատակաուղղված համարել. կարող էր նույնիսկ այլ մասնագիտություն ընտրվել: Երբ դպրոցն ավարտեցի, թեև ավելի շատ հակված էի դեպի հումանիտար գիտությունները՝ գրականություն, պատմություն, արվեստ, բայց թույլ չէի նաև բնագիտական առարկաներից՝ մաթեմատիկայից, և ուժերս ուզում էի փորձել թատրոնից սկսած՝ մինչև համալսարանի մաթեմատիկական բաժինը:
Բայց ընտրությունը վերջին հաշվով կանգ առավ արևելյան այս լեզուների վրա: Դրանում, ըստ երևույթին, որոշ դեր խաղացին և՛ ընտանեկան ավանդույթը և՛ այն հանգամանքը, որ ես ունեի մի բարեկամ, որ իմ հարևանն էր. մասնագիտությամբ՝ արևելագետ, որ այն ժամանակ արդեն հետազոտություններ էր կատարում: Ես հաճախ էի լինում նրա մոտ, տեսնում էի արևելագիտական գրականությունը, և ինչ-որ հետաքրքրություն առաջացավ այդ առումով: Այնուհետև, համալսարանն ավարտելուց հետո խորացա ասորագիտության, հայ-ասորական բանասիրական հետազոտությունների բնագավառի մեջ, մասնավորապես իմ հետազոտության առարկան դարձան հայ-ասորական մշակութային, գրական, հոգևոր հարաբերությունները, և ասենք, որ մասնագիտացումն անցկացրի Լենինգրադում՝ շատ հմուտ մասնագետների շրջապատում, ձեռք բերեցի շատ լավ բարեկամներ, որոնք, փաստորեն, ինձ օգնեցին մասնագիտական կրթություն ստանալու հարցում: Նրանց հետ մինչև հիմա շարունակում եմ պահպանել կապերը: Լենինգրադում էլ պաշտպանել եմ և՛ իմ թեկնածուական, և՛ իմ դոկտորական ավարտաճառերը: Հեղինակ եմ մոտ 70 հետազոտությունների, որոնցից վեցը՝ գրքի ձևով:
Մնացածը գիտական հոդվածներ են, և այս բոլոր հետազոտությունները ընդգրկում են մեկ հիմնական բնագավառ: Այն, ինչպես ասացի, հայ-ասորական մշակութային-գրական հարաբերությունների բնագավառն է, և այդ ամբողջ հետազոտությունները կազմում եմ մեկ ամբողջություն: Իհարկե, դեռ անելիք շատ կար, ես նոր էի հմտացել այդ բնագավառում, ես ինձ ընդամենը 35 տարեկան հասակում եմ լիակատար մասնագետ զգացել, այսինքն՝ մասնագետ, որի համար յուրաքանչյուր հայտնաբերվող նոր փաստ անմիջապես գտնում էր իր տեղը հայ-ասորական հարաբերությունների կամ ընդհանրապես հայ մշակույթի կոնտեքստում, և իմ լավագույն հետազոտությունները դեռ պետք է գրվեն:
- Պարոն Տեր-Պետրոսյան, հմտանալ ասորագիտության մեջ, լինել Մատենադարանի աշխատող՝ ենթադրում է նաև լինել մեր մատենագիրների ժառանգորդը, որոնք եղել են կրոնավորներ, վանականներ: Ուզում եմ իմանալ, թե լինելով քահանաների շառավղից՝ Ձեր ազգանվան Տեր-ը ի՞նչ դեր է խաղացել ասպարեզի ընտրության մեջ ՝ մասնավորապես, և Ձեր կյանքում՝ ընդհանրապես:
- Չեմ կարծում, թե ինչ-որ դեր խաղացել է: Թերևս միակ բանն այն է, որ հազվագյուտ ազգանուն է և աչքի ընկնող: Այդ պատճառով մանկությանս շրջանում ծաղրի առարկա է եղել: Այնուհետև ինչ-որ ձևով հաճելի է եղել, որ սա հազվագյուտ ազգանուններից է, և միշտ, ցանկացած ցուցակում, համալսարանում միշտ ուշադրության առարկա էր դառնում: Թե չէ, չեմ կարծում՝ ինչ-որ դեր խաղաց:
Ամբողջական հարցազրույցն՝ այստեղ