Հայաստանի Հանրապետության մարզերում առաջիկայում Եվրամիությունը ներդնելու է տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագրեր 7,5 միլիոն եվրոյի շրջանակներում ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ' այս մասին հայտարարվեց Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպում-քննարկման ժամանակ, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների եւ մարզի համայնքների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների եւ փոքր եւ միջին ձեռնարկությունների, բանկային համակարգի, գյուղատնտեսության ոլորտի, Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի գրասենյակի, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: Հանդիպում-քննարկումը վարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:

 

Մասնակիցներին Եվրամիության կողմից ֆինասավորվող ծրագրի բովանդակությանը ծանոթացրեց ԵՄ ներկայացուցիչ, ծրագրի գլխավոր փորձագետ եւ տարածաշրջանային զարգացման խորհրդատու Ռոբերտ Գիրեիկոն: Նա նշեց, որ Հայաստանում ԵՄ կողմից ներդրվող աջակցության ծրագիրն ունի երեք բաղադրիչ' բիզնես ենթակառուցվածքների զարգացում, ոչ բիզնես ենթակառուցվածքների զարգացում, զբաղվածության եւ տնտեսական աճի զարգացում:

 

Ծրագիրն ամբողջությամբ իրականացվելու է մարզերում, քանի որ, ըստ բանախոսի, մայրաքաղաք Երեւանի համեմատ Հայաստանի մարզերն ունեն զարգացածության աննախադեպ ցածր մակարդակ, գործազրկության եւ աղքատության մեծ ծավալներ: Զարգացման ծրագրերը հիմնականում ուղղվելու են փոքր եւ միջին ձեռներեցության եւ տուրիզմի զարգացման, ինչպես նաեւ գյուղմթերքների վերամշակման ձեռնարկությունների հիմնման ոլորտներ:

 

ԵՄ ներկայացուցիչ, ծրագրի գլխավոր փորձագետ եւ տարածաշրջանային նախագծերի դրամաշնորհների խորհրդատու Չիլլա Կարլիկը հանդիպման մասնակիցներին ծանոթացրեց դրամաշնորհային մրցույթներին մասնակցելու կարգին, ժամկետներին եւ գումարի չափին: Նա նշեց, որ ծրագրի արժեքը, որը կազմում է 7,5 միլիոն եվրո, բաժանվելու է 11 մասի: 10 մասը բաժանվելու է Հայաստանի 10 մարզերի վրա, իսկ 1 մասն առանձնացվում է' որպես ազգային մրցակցության ֆոնդ: Դրա չափը կազմում է 750 հազար եվրո:

 

Գեղարքունիքի մարզի համար նախատեսված դրամաշնորհի չափը կազմելու է 500 հազար եվրո: Գեղարքունիքի մարզի շահագրգիռ կազմակերպությունները դրամաշնորհը ստանալու համար մրցույթը ծավալում են մարզի ներսում, սակայն նրանք կարող են մրցակցություն ծավալել նաեւ դրսում' ազգային մրցակցության ֆոնդի դրամաշնորհը շահելու համար: Նախապատվությունը տրվելու է այն ծրագրին, որտեղ առավել շատ թվով աշխատատեղեր ստեղծելու հնարավորություններ եւ հեռանկարներ կդիտվեն:

 

Ծրագիրը գործել կսկսի 2015 թվականի հունվարից. 45 օրում պետք է մրցույթին մասնակցող կողմը ներկայացնի առաջին փուլի հայտը, որի ընդունումից հետո միայն նա կարող է մասնակցել երկրորդ փուլին: Հուլիսին կհրապարակվեն մրցույթի արդյունքները, օգոստոսին կկնքվեն համապատասխան պայմանագրերը, իսկ սաեպտեմբեր-դեկտեմբերի ընթացքում կիրականացվեն զարգացման ծրագրերը:

 

Մինչ այդ դրամաշնորհային մրցույթի մասնակիցները վարապատրաստում կարող են անցնել ԵՄ աջակցության ծրագրի գրասենյակում' առաջիկա ամիսների ընթացքում: