Շիրակի մարզի Քեթի և Լոռու մարզի Նորաշեն համայնքներում իրականացվում են ջրագծերի բարեկարգման աշխատանքներ: Ծրագիրն իրականացվում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Քեթիի և Նորաշենի ջրամատակարարման համակարգերի բարեկարգում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 25 հազար եվրո է, տևողությունը վեց ամիս' 2014 թվականի ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի ղեկավար Արտաշես Մարգարյանը, երկու համայնքներում էլ աշխատանքերը գրեթե ավարտված են: Ծրագիրը ֆինանսավորվել է «Կարիտաս Ավստրիա»-ի կողմից: Ի դեպ, միայն Քեթիում իրականացվելու են մոտ 2 հազար գծամատեր ներքին բաշխման ցանցի վերականգնման աշխատանքներ՝ խմելու ջրի հին խողովակների փոխարինում նորով:
Ինչպես շատ ծրագրեր, այս ծրագիրը ևս պահանջում է համայնքի ներդրում՝ միայն Քեթիում ավելի քան 7 մլն դրամ արժողության ծրագիրն իրականացանելու համար 687 հազար դրամ գումար ներդրել է համայնքը: Որպես ծրագրի պարտադիր պահանջ համայնքային ներդրում է կատարելու նաև Նորաշենը՝ ծրագրի գումարի 17 տոկոսի չափով:
Ի դեպ, Նորաշենում կառուցվելու է մոտ 700 մետր ջրագիծ: Ջրագիծն անցկացվելու է սարերով, տեղադրվելու են նաև անասունների համար խմոցներ: «Մինչ ծրագրի իրականացումը կատարվել է համայնքի կարիքների գնահատում, և բնակիչներն իրենք են բարձրացրել այդ խնդիրը: Խմոցներն արդեն պատրաստ են, մնացել են մոնտաժային աշխատանքերը, իսկ մինչ այդ կատարվելու է հարթեցում և խրամուղու փորում: Աշխատանքների ընթացքին միայն խանգարում են եղանակային անբարենպաս տ պայմանները: Ի դեպ, մինչ ծրագրի իականացումը հաշվի է առնվել այն փաստը, որ այս աշխատանքները նախատեսված չեն գերմանական KFW բանկի վարկային ծրագրով»,-նշեց պատասխանատուն:
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն սկսել է նաև խմելու ջրագծրի բարեկարգման աշխատանքներ Վահրամաբերդ և Կապս համայնքներում: Ի տարբերություն Քեթիի և Նորաշենի, Վահրամաբերդ և Կապս համայնքներում իրականացվող աշխատանքերը ֆինանսավորվում են գերմանական «Ռենավաբիս»-ի կողմից: