
Իրաքը «չկայացած պետություն» է, որը պետք է բաժանել երեք մասի, այդ թվում' ստեղծել անկախ Քուրդիստան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով BBC-ն, հայտարարել է Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության (Իրաքյան Քուրդիստան) արտաքին գործերի նախարար Ֆալահ Մուստաֆա Բաքերը:
Քուրդ նախարարի խոսքով, իրաքյան սուր ճգնաժամի համար պատասխանատվությունն ընկնում է կենտրոնական կառավարության վարչապետ Նուրի ալ Մալիքիի վրա, եւ նա պետք է հրաժարական տա:
Այսօր' հուլիսի 15-ին, աշխատանքն է վերսկսում իրաքյան խորհրդարանը, որը, ինչպես սպասվում է, կփորձի նոր կառավարություն ձեւավորել: Ավելի վաղ քուրդ ներկայացուցիչները դուրս էին եկել ալ Մալիքիի կառավարությունից ի նշան բողոքի այն բանի դեմ, որ վարչապետը քրդերին մեղադրել էր ծայրահեղականներին օգնություն ցուցաբերելու մեջ:
Միջազգային հանրության ներկայացուցիչները իրաքցի քաղաքական գործիչներին բազմիցս կոչ են արել միավորել ջանքերը «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) սունի արմատական ահաբեկչական խմբավորման դեմ, որի մարտիկներին հաջողվել է զավթել եւ վերահսկողություն սահմանել Իրաքի տարածքի զգալի մասի վրա:
Թուրքական «Ենի շաֆագ» թերթը հայտնում է, որ վարչապետ Էրդողանը Անկարա ժամանած իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանիին կոչ է արել չշտապել քրդական ինքնավարության կարգավիճակը փոխել' անկախություն հռչակելու հարցով հանրաքվե հայտարարելու հարցում:
ԻԼԻՊ-ի կողմից Իրաքի մի շարք նահանգների զավթումից հետո Բաղդադի եւ Էրբիլի (Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքը) հարաբերությունները նկատելիորեն վատացել են: Մասուդ Բարզանին Իրաքի վարչապետ ալ Մալիքիին մեղադրել է երկրում տեղի ունեցող բացասական իրադարձությունների մեջ:
Հուլիսի 7-ին Բարզանին հայտարարել էր, որ Իրաքը գտնվում է պառակտման եզրին, եւ ալ Մալիքիի գլխավորութած կենտրոնական կառավարությունը չի վերահսկում իրավիճակը:
Նրա խոսքով, վաղ, թե ուշ քրդական ինքնավարությունը հայտարարելու է իր անկախության մասին, քանի որ դա հանդիսանում է Իրաքում քրդերի իրավունքը: