ՀՀ Նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանի գնահատմամբ, ի տարբերություն 2005թ., այս անգամ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ արտաքին պահանջ չկա եւ փոփոխությունները պայմանավորված են հասարակական կյանքի բարելավման անհրաժեշտությամբ:

 

Սահմանադրագետի խոսքով, թե' 1995, թե' 2005թթ Սահմանդրության բարեփոխված տարբերակները այդպես էլ վ երջնական հստակություն չմտցրեցին, եւ մի շարք խնդիրներ շարունակում են մնալ օրակարգային: Հուլիսի 15-ին Հրազդանում կայացած, սահմանադրական բարեփոխումներին նվիրված հասարակական լսումների ժամանակ Վարդան Պողոսյանը նշեց, որ հիմնական իրավունքների անմիջական գործողության ապահովման համար դրանք նախ պետք է դասակարգվեն: Սահմանդրության ներկա տեսքով այդ տարրանջատումը չի իրականացվել, ինչը բացասաբար է անդրադառնում հիմնական իրավունքների արդյունավետ երաշխավորման համար:

 

Պողոսյանը սահմանադրական բարեփոխումների կարեւորագույն առաքելություններից մեկը համարում է կառավարման համակարգի փոփոխումը: Սահմանադրագետը հավաստիացնում է, որ հանձնաժողովը քննարկումներ է անցկացրել եւ, օբյեկտիվ վերլուծություն արդյունքում, պարզել, որ գործող կառավարման համակարգում կան թերություններ, եւ հանձնաժողովը, որպես այլընտրանք, ներկայացնում է կառավարման խորհրդարանական ձեւը:

 

«Իշխանության գերկենտրոնացման հարցը գերագույն խնդիրներից մեկն է: Անհրաժեշտ է այնպիսի համակարգ, որ կախված կլինի ոչ թե անհատից, այլ ինստիտուտներից: Պատասխանատվության առումով նույնպես գործող Սահմանադրությունը կաղում է: Նախագահի ձեռքում է իշխանությունը, սակայն, քանի որ նա ունի մեծամասնություն խորհրդարանում, անհնար է դառնում Նախագահին պատասխանավության ենթարկելու հարցը:

 

Մինչդեռ խորհրդարանական կառավարման համակարգում քաղաքական պատասխանատվության հարցը ավելի ճիշտ եւ ժոովրդավարական չափանիշներով կարող է լուծվել»,- ասաց Պողոսյանը ' հավելելով, որ նոր սահմանադրությամբ քաղաքական ընդդմիադիր խմբակցությունների դերն ու գործողությունների շրջանակն էլ կընդլայնվի, որպեսզի դրանք հնարավորություն ունենան լիարժեք իրենց ձայնը հասցնել հասարակությանը:

 

Ըստ Պողոսյանի, կառավարման համակարգի հարցում շատ մեծ դերակատարություն ունի նաեւ ընտրական համակարգը: Հանձնաժողովն առաջարկում է ընտրական համակարգի հիմնական գծերը նույնպես ամրագրել Սահմանադրությամբ: