Թուրքիայում օգոստոսի 10-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին 25 օր առաջ՝ հուլիսի 1-5-ին անցկացված սոցհարցման արդյունքներով առաջատարը գործող վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, էրդողանին աջակցում է դեմ առ դեմ հարցման ենթարկվածների 54,6 տոկոսը: Նրան հաջորդում է ընդդիմության միասնական թեկնածու, Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն (38,1 տոկոս):
Երրորդ տեղում է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածու, ազգությամբ զազա քուրդ Սալահեթդին Դեմիրթաշը (7,3 տոկոս): Հարցմանը մասնակցել են Թուրքիայի 12 նահանգներից ընտրելու իրավունք ունեցող 19154 քաղաքացիներ:
Թուրքիայում անցկացվելիք նախագահական ընտրություններում պատմության մեջ առաջին անգամ այդ երկրի նախագահն ընտրվելու է համաժողովրդական քվեարկության միջոցով: Նախկինում Թուրքիայի նախագահին ընտրում էր խորհրդարանը: