Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձում է արդարացնել իր դիվերսանտների կողմից կատարված վայրագությունները' հայտարարելով, որ ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտները «ոչ մի ապօրինի բան չեն արել»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ-ը հերքել է հետախուզական-սադրիչ խմբերի միջոցով տարբեր դիվերսիաների իրականացումը, միաժամանակ նշել, որ Քարվաճառում ձերբակալված անձինք պետական սահման չեն խախտել: Ադրբեջանի ՊՆ-ը կրկին շրջանառության մեջ է դրել իրենց կեղծ թեզը, թե «գրավյալ տարածքներ»-ն ինքնիշխան Ադրբեջանի հողերն են, և ոչ ոք չի կարող արգելել ադրբեջանցիներին գտնվել և ազատ տեղաշարժվել այդ տարածքներում:

 

Փաստորեն, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն օրինաչափ է համարում ոչ միայն հարևան պետությունների սահմանների խախտումը, այլ նաև ազգային պատկանելության հողի վրա անմեղ մարդկանց սպանությունները:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության և ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինաբար հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլը Գուլիևը (ծնվ.1968 թ.) և Դիլհամ Գարդաշխան օղլը Ասկերովը (ծնվ. 1960 թ.), ևս մեկ դիվերսանտ' Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը (ծնվ.1978 թ.) դիմադրություն ցույց տալու պատճառով ոչնչացվել է: Փաստի առթի վ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա, պետական սահմանն ապօրինաբար հատելու, սպանություն կատարելու, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձ իրագործելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: