Թուրքիայի խորհրդարանի Քյոթահյայից ընտրված անկախ պատգամավոր Իդրիս Բալը խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիսում երկրի վարչապետ Էրդողանի կառավարությանը մեղադրել է Հայաստանի հետ սահմանը բացելու հարցով Ադրբեջանին շանտաժի ենթարկելու մեջ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Բալն ասել է, որ Թուրքիայի վարչապետը Բաքու կատարած այցին ճնշում է գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա' պահանջելով Ադրբեջանում փակել Ֆեթուլլահ Գյուլենի բոլոր դպրոցները եւ իշխանական կառույցներից հեռացնել Գյուլենի գաղափարախոսության' նուրսիզմի հետեւորդներին: Թուրք պատգամավորի խոսքով, Էրդողանը սպառնացել է, որ եթե Բաքուն չկատարի իր պահանջները, ապա կբացի Հայաստանի հետ Ալիջանի սահմանակետը: Նա ասել է, որ օրեր առաջ թուրքական «Թարաֆ » թերթում հայտնված տեղեկությունն այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է սեպտեմբերին բացել Հայաստանի հետ սահմանը, հենց այդ է վկայում: Իդրիս Բալը պնդել է, թե Գյուլենի դպրոցները փակելու դիմաց, որոնք Ադրբեջանում «թուրքական դպրոցներ» են անվանում, Էրդողանը Բաքվին խոստացել է «ձեռք չտալ» Թուրքիայում ադրբեջանական ներդրումներին: Նա նաեւ հայտարարել է, որ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները կարգավորելու համար Էրդողանը փորձում է օգտագործել «հայկական խաղաքարտը»:

 

Բալը հայտարարել է, որ երբ Էրդողանի գլխավորած' իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը «կարգավորի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, հարկ եղած դեպքում Էրդողանը կհրաժարվի Ադրբեջանում Գյուլենի դպրոցների փակման դիմաց տված խոստումներից, կբացի Ալիջանի սահմանակետը եւ կկարգավորիՀայաստանի հետ հարաբերությունները»: