Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ մահափորձի կազմակերպման հետ կապ ունի Դոնեցկի մարզի Գորլովկա քաղաքի աշխարհազորայինների ջոկատի հրամանատար Իգոր Բեզլերը: Այս մասին հայտնում է ria.ru-ն։

 

Ըստ Ուկրաինայի ՆԳՆ-ի՝ մահափորձը ծրագրվել է իրականացնել հուլիսի 7-9-ը, ինչի համար պատրաստվել է մի քանի դիվերսիոն խումբ, սակայն Բեզլերը հերքում է իր կապը մահափորձի կազմակերպման հետ։

 

«Այժմ ամեն ինչ ինձ վրա կբարդեն։ Մենք դրա հետ կապ չունենք։ Կարծում եմ, որ պատճառն այն տեսանյութն է, որը նախօրեին տեղադրել էին մերոնք: Մարդիկ վերջապես հասկացան, թե ով է Ավակովը»,- հայտարարել է Բեզլերը։

 

Հուլիսի 16-ին աշխարհազորայինները համացանցում տեսանյութ են տեղադրել, որտեղ ուկրաինացի ուժայինը պատմում է Ազգային գվարդիայի կողմից Կրասնի Լիման քաղաքում իրականացված «սպանդի» մասին։