Լուգանսկում, փախստականներին տեղափոխելու գործընթացի արդյունքում, սպանվել է ռուսական բանակի զինծառայող, ազգությամբ հայ Արմեն Դավոյանը: Այս ողբերգության մասին ProGorodNN-ին հայտնել է ընտանիքի մտերիմ ընկեր Դմիտրի Ֆրոլովը։
ProGorodNN-ն մեջբերում է Ֆրոլովի խոսքը.
«Իմ ընկերը՝ Արմեն Դավոյանը, ծնվել է Նիժնի Նովգորոդում: Մենք 2011 թվականին ավարտել ենք դպրոցը միասին: Այնուհետև նա անցել է ծառայության: Վերադարձավ, որոշ ժամանակ ազատ մնաց, հետո նորից որոշեց վերադառնալ բանակ և այնտեղ ծառայողական պայմանագիր կնքեց: Հունիսի 25-ին, ծառայողական պարտականության շրջանակներում, ուղարկվեց Ռոստովի մարզ, որը սահմանակից է Ուկրաինային: Թե ինչ պատահեց հետո, ոչ ոք չգիտի։ Ոչ մի կապ ընտանիքի անդամների հետ չկար: Նա չէր զանգում, ոք ոք չգիտեր՝ որտեղ էր նա գտնվում: Իսկ հետո մեզ տեղեկացրին, որ նա զոհվել է Լուգանսկում՝ փախստականներին աջակցություն ցուցաբերելու ընթացքում»,- հայտնել է Ֆրոլովը:
Նա նաև ВК սոցիալական էջում տեղադրել է իր և մտերիմ ընկերոջ՝ Արմենի մանկության և պատանեկության նկարները՝ գրելով․ «Սարսափելի է, որ խաղաղ բնակիչներին փրկող քաջերը սպանվում են՝ սեփական գաղափարախոսությանը չտիրապետող և ոչնչից անտեղյակ դիպուկահարների կողմից»:
Արմենի ընտանիքը. «Արմենը բարի մարդ էր, շատ բարի: Միշտ փորձում էր բոլորին օգնել, պատասխանատու էր: Պատրաստ էր ամեն ինչ անել՝ հանուն իր ընկերների: Այժմ ընտանիքը շոկային վիճակում է»: