ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում տեղ գտած Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ արտահայտությունները ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը որակել է մեղմ ասած նողկալի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շարմազանովն ասաց, որ բարոյական չի համարում, երբ ներկուսակցական շահեր սպասարկելու համար առաջ է բերվում ղարաբաղյան խնդիրը:
«Հարցազրույցը կարդալով պարզ դարձավ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նպատակը հենց ներկուսակցական շահեր սպասարկելն է: Նրա նպատակը ո՛չ Եվրասիական միությունն է, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության հետ սահմանային միջադեպերի խնդիրը: Իր խոսքերին մեծ կարեւորություն եւ հնչեղություն տալով է պայմանավորված, որ առաջին նախագահը խոսում է Լեռնային Ղարաբաղի եւ նրան սպառնացող վտանգի մասին»,- ասաց Շարմազանովը' հավելելով, որ առնվազն բարոյական չէ նման գործելակերպը, քանի որ Լեռնային Ղարաբաղը իշխանություններից պաշտպանելու կարիք չկա:
«Մենք լավ գիտենք Լեւոն Տեր-Պետրոսյանի' ԼՂ հիմնահարցի լուծման շուրջ գաղափարները: Թե նրա գործողությունները, թե գաղափարները տխրահռչակ են եւ հասարակության մեջ հայտնի Ղարաբաղը ծախելու քաղաքականություն իրականացնողն այսօր փորձում է մեզնից պաշտպանել ԼՂ-ն: Դա առնվազն անբարոյականություն է»,- ասաց Շարմազանովը:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաբերած մտքերին ու տեսակետերի հետ համաձայն չէ նաեւ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Վերջինիս գնահատմամբ, հարցազրույցի մեջ չկար որեւէ ադեկվատ միտք եւ առաջին նախագահի դատողություններն անհեթեթությունների շարքից էին: Սահակյանի խոսքով, դժվար է դիմացինին համոզել ազնվության մեջ, եթե դիմացինն այդ նույն պայմաններում ազնիվ չէր լինի: Ըստ նրա, յուրաքանչյուրը երեւույթների, իրերի ու իրադարձությունների վերաբերյալ կատարում է դատողություն' ելնելով փչացվածության իր աստիճանը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին արդեն արձագանքել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը facebook-յան իր էջում գրել է. «Ադրբեջանի կողմից հրահրվող գործողություններին հայկական կողմի արձագանքի զուսպ և անհամարժեք գնահատականը երկիմաստ տարակուսանք է առաջացնում»:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցում խոսել է սահմանային միջադեպերի, ԼՂ հակամարտության եւ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ խոչընդոտներին: Ըստ առաջին նախագահի ԵՏՄ-ին անդամակցելու հիմնական խնդիրը ոչ Ղազախստանն, ոչ էլ Ռուսաստանը, հիմնական հարցը մաքսակետի տեղադրում է ՀՀ-ԼՂՀ սահմանին: Խոսելով սահմանային միջադեպերի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է:
«Ակնհայտ է, որ հայկական կողմի հակազդեցությունը բավականին զուսպ ու անհամարժեք է սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգությունների հանդեպ, ինչը, իմ կարծիքով, բացատրվում է հետեւյալ հանգամանքով։ Հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից, նկատի ունենալով, որ դրանց հետեւանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման։ Մյուս կողմից, հայկական կողմի զսպվածությունն ավելի է լկտիացնում Ադրբեջանին, որը կարծես-թե ձգտում է առավելագույնս թեժացնել իրավիճակը սահմանային գոտում»։