Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան Ռուսաստանի հանդեպ Արեւմուտքի պատժամիջոցները որակում է մեղմ: «Պատժամիջոցները բավարար չեն, որպեսզի հնարավոր լինի կանգնեցնել այն ռազմական գործողություններն ու լարված վիճակը, որն այսօր առկա է Դոնեցկում եւ Լուգանսկում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հուլիսի 22-ին կայացած հանդիման ժամանակ ասաց Իվան Կուխտան: Միաժամանակ դեսպանը նշեց, որ Ուկրաինայի իշխանությունները երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքը տեսնում են եւ վստահ են, որ անելանելի իրավիճակներ գոյություն չունեն:
Դիվանագետը հիշեցրեց, որ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ծրագիրը ներկայացված էր երկրի նախագահի երդմնակալության ելույթում: «Դա առաջին հերթին երկրի արեւելքում իրավիճակի կայունացումն է, ռազմական գործողությունների դադարեցումը, զինյալների կողմից զենքի վայր դնելը: Ծանր հանցագործությունների հետ առնչություններ չունեցողների նկատմամբ համաներում կկիրառվի», - նշեց դեսպանը' հավելելով, որ անհրաժեշտ է իշխանության ապակենտրոնացում, տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ:
Իրավիճակի կայունացման համար Կուխտան կարեւորում է նաեւ խորհրդարանական ընտրություններն ու ազգային փոքրամասնությունների իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված սահմանադրական բարեխոխումները:
Կուխտան կտրականապես հերքեց այն դրույթը, որ Ուկրաինայի ռուս բնակչությանը ճնշում են: Նրա խոսքով՝ այս պնդումը Ռուսաստանում են հորինել: Որպես ազգային համերաշխության օրինակ՝ Կուխտան սեփական ընտանիքը բերեց. «Ես ուկրաինացի եմ, կինս՝ ռուս, մենք մեր երեխաներին չենք կիսում: Կիեւում շատերն են խոսում ռուսերենով»,- ասաց դեսպանը: