Ադրբեջանում պաշտոնական քարոզչություն է սկսվել երկրում «միայն Հեյդար Ալիեւի կուրսի վրա հիմնված քաղաքական կուսակցությունների գործելու» ուղղությամբ: Պետական պաշտոնական «Ազերբայջան» թերթը բացահայտ մեկնարկ է տվել այդ հերթական անհեթեթությանը: «Քաղաքական համակարգում նոր կոնֆիգուրացիա. հենակետը Հեյդար Ալիեւի կուրսն է» վերնագրված հոդվածում նշվում է, որ քաղաքական հանակարգը երկրում ´ միանշանակ կերպով պետք է կազմված լինի Հեյդար Ալիեւի կուրսի վրա հիմնված կուսակցություններից:
«Ադրբեջանում Հեյդար Ալիեւ կուրսը պետք է համահունչ լինի բոլոր քաղաքական կուսակցությունների, խմբային կառույցների գործունեության իմաստին, գաղափարախոսությանը եւ ներկայացրած քաղաքական տեսակետին»,- ազդարարել է «Ազերբայջան»-ը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ»-ը, հոդվածում այդ գաղափարախոսությունը պարտադրվում է ոչ միայն իշխող կուսակցությանը եւ դրան հարող իշխանամետ կուսակցություններին, այլ նաեւ ընդդիմությանը: Նշվում է, որ այն, թե ինչ են ԱՄՆ-ի համար Անկախության հռչակագրի հեղինակ «հիմնադիր հայրերը», Հնդկաստանի համար' Մահաթմա Գանդին, Չինաստանի համար' Մաո Ցզեդունը եւ Դեն Սիյաոպինը, Թուրքիայի համար' Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, Ադրբեջանի համար էլ պետք է լինի Հեյդար Ալիեւի կուրսը, որը չի կարելի սահմանափակել միայն «Ենի Ազերբայջան» կուսակցության գործունեությամբ:
«Ազերբայջան» թերթում հրապարակված հոդվածն անդրադարձնում է Ադրբեջանի Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի հրապարակած հոդվածներում առաջ քաշված թեզիսները: Հոդվածն սկսվում է նրա արտահայտած գաղափարներից բերված հետեւյալ քաղվածքով. «Չնայած ազգային առաջնորդը հեռացել է կյանքից, նրա քաղաքական կուրսն ինստիտուտացվում է' վերածվելով քաղաքական կառավարման ուսմունքի, պետականության այլընտրանք չունեցող գաղափարախոսության, ազգային շինարարության տեսության եւ փորձի»:
Թերթը գրում է, որ Ադրբեջանում երկար տարիներ հենց այդ քաղաքականությունն է իրագործվում: Ամեն օր հեռուստատեսություններով եւ ԶԼՄ-ներով Հեյդար Ալիեւին չվերաբերվող հաղորդումներում էկրանների վրա նրա լուսանկարն է երեւում, միջնակարգ դպրոցների դասագրքերի առաջին էջին նրա լուսանկարն է տեղադրված' գովերգող նախադասություններով, նրա արձանները կանգնեցված են բոլոր շրջաններում եւ քաղաքներում, նրա անունով են կոչված Ադրբեջանի տարածքում գտնվող շատ թե քիչ հայտնի շենքերը, թանգարանները, մշակույթի տները, զբոսայգիները, օդանավակայանները, իսկ Բաքու ժամանո ղ արտասահմանյան պաշտոնական պատվիրակություններին տանում են այցի նրա գերեզմանին:
«Հոդվածում բերված քարոզչությունը ցույց է տալիս, որ իշխանությունը ցանկանում է, որ այս քաղաքականությունը բոլորի համար վերածվի կանոնի: Այն դեպքում երբ աշխարհն Ադրբեջանի իշխանությանը ժողովրդավարության կոչեր է անում, իշխանությունը ցանկանում է գնալ Հյուսիսային Կորեայի ճանապարհով' այն երկրի, որի բռնապետի մահվան համար չողբացողները նետվեցին բանտեր: Այս բոլորը ցույց է տալիս, որ իշխանությունը ցանկանում է երկրում միակուսակցական համակարգ հաստատել:
Մի խոսքով' ցանկանում են անձերին պետություն համարող հասարակություն ստեղծել: Կռապաշտական մտածողություն եւ «սրբազան կուռքերի» պաշտամունք սերմանող Ադրբեջանի իշխանությունը միջնադարի ավանդույթներով վահան է ստեղծում' իր վրա եկող արտաքին ճնշումների ալիքը վերացնելու համար»,- գրում է «Ազադլըգ»-ը: