Ընթացիկ՝ 2014-2015 ուսումնական տարվա ընդունելության համար ԵՊՀ-ում երկու փուլով հայտագրվել էր 3720 դիմորդ, որոնցից առաջին փուլով բուհ է ընդունվել 3134-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բուհի պաշտոնական կայքը, ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանի հավաստմամբ' անցած տարվա համեմատ' դիմորդների թիվը նվազել է շուրջ 2000-ով, ինչը պայմանավորված է շրջանավարտների թվի նվազմամբ:
Այս տարի ԵՊՀ-ն հայտագրել էր 356 անվճար և 3046 վճարովի տեղեր. անվճար համակարգ են ընդունվել 389 հոգի, որոնցից 358-ը՝ հիմնական մրցույթով, 29-ը՝ այլ արտոնություններով, իսկ 2-ը ԼՂՀ-ից եկած դիմորդներն են: Դիմորդներից 2745-ը ընդունվել են վճարովի համակարգ:
Հուլիսի 15-20-ը անցկացվել է թափուր տեղերի համար մրցույթը, որը դրական միավորներով դուրս մնացած դիմորդներին հնարավորություն է տալիս ընտրելու այլ մասնագիտություններ:
«Այս տարի, ցավոք, թափուր տեղեր շատ ունեինք՝ 461, որոնց համար դիմել էր 70 հոգի: Մինչև հուլիսի 25-ը կհրապարակվեն թափուր տեղերի համար մրցույթի արդյունքները, և առկա ուսուցման համակարգի ընդունելությունը կավարտվի: Այն դիմորդները, ովքեր պատրաստվում են զորակոչվել բանակ, 118-ն են»,- ասել է Գալստյանը:
Այս տարի մրցակցությունը բարձր էր հատկապես Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերենի թևում, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում: Տեղերը թափուր են մնացել հիմնականում Ֆիզիկայի, Կենսաբանության, Ռուս բանասիրության, Աստվածաբանության ֆակուլտետներում:
«Ընդհանուր առմամբ, ընդունելության գործընթացը գոհացուցիչ է: Մտահոգության տեղիք է տալիս որոշ ֆակուլտետներում չափից ավելի թափուր տեղերի քանակը: Դա, սակայն, նաև ազդակ է մեզ համար, որպեսզի հասկանանք՝ ինչ փոփոխություններ է պետք անել մյուս տարվա ընդունելության համար: Այս տարի մասնագիտությունների ցանկում կատարել ենք բավականին շատ փոփոխություններ, ինչը արդյունք տվեց: Օրինակ՝ գոհ ենք ֆիզիկամաթեմատիկական մասնագիտությունների համալրումից»,- առաջիկա ուստարվա ընդունելության արդյունքներն է ամփոփել ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը: