Կոտայքի մարզում կառուցված ջերմոցային տնտեսությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին և որակյալ արտադրանք են ներմուծում շուկա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը' հավելելով, որ մարզի ջերմատների արտադրանքի 50 տոկոսից ավելին արտահանվում է: «Վերջին տարիներին բավական լավ են զարգացել ջերմոցային տնտեսությունները, որտեղ աճեցվում են տարբեր մշակաբույսեր:
Այսօր կարող ենք ուրախությամբ ասել, որ դրանք միջազգային չափանիշներին համապատասխան ջերմոցներ են: Ներկայումս էլ կառուցվում են նոր ջերմոցներ, որոնց շնորհիվ բացվում են նաև նոր աշխատատեղեր: Մարզպետարանը ևս 30-40 հեկտար ջերմոցային տնտեսությունների ստեղծման հայտեր ունի: Եթե, օրինակ, ողջ ընտանիքը աշխատի ջերմոցային մեկ տնտեսությւոնում, նրանց ամսական եկամուտը կարող է կազմել 1 մլն դրամ. դա բավական լավ ցուցանիշ է»,- պարզաբանեց մարզպետը:
Արամ Հարությունյանը հույս հայտնեց, որ կգա ժամանակը, երբ մեծ արտադրողները փոքր տնտեսությունների համար ևս կապահովեն արտահանման կազմակերպումը, ինչը կխթանի փոքր տնտեսությունների զարգացումը:
Կոտայքի մարզպետը խոսեց նաև հացահատիկի սպասվող բերքի մասին' նշելով, որ այս տարվա կարկուտը չի վնասել Կոտայքի մարզի գյուղատնտեսական հողերը: «Մենք այս տարի բնական աղետների պատճառած վնասներից զերծ ենք մնացել, ինչի շնորհիվ այսօր հացահատիկի դաշտերից հնարավոր է լինում ստանալ մեկ հեկտարի հաշվով մինչև 30 ցենտներ ցորեն և գարի»,- ընդգծեց նա:
Կոտայքի մարզում մշակովի ցանքատարածություններն այս տարի ավելացել են 500 հեկտարով: Համայնքում արդեն արտադրվել է 308 տոննա հացահատիկ: