Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է ամերիկահայ անվանի վիրաբույժ Գևորգ Մութաֆյանի ղեկավարած բժշկական խմբին, որը հուլիսի 19-ից օգոստոի 2-ը Գյումրի է ժամանել Ամերիկահայկական բժշկական առաքելության բարեգործական ծրագրի շրջանակում: «Մենք շնորհակալ ենք ձեր կողմից իրականացվող աշխատանքի համար:
Կարևոր է, որ ԱՄՆ-ից ժամանած մասնագետները ոչ միայն գան և այստեղ վիրահատություններ կատարեն, այլև տեղի մասնագետներին սովորեցնեն աշխատել նորագույն մեթոդներով ու տեխնոլոգիաներով»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից' ասել է Արմեն Մուրադյանը:
Նրա գնահատմամբ' ամերիկահայ բժիշկների համար Գյումրին հայ գործընկերներին օժանդակելու լավ հարթակ է: Առողջապահության նախարարը որպես Հայաստանում բժշկական լավագույն ավանդույթների ներդրման օրինակ' մատնանշել է պրոֆեսոր Կարո Դերձակյանի օրինակը' նրան բնորոշելով որպես ուրոլոգիայի զարգացման հիմնաքար դնողներից մեկը: Հայաստանում ծավալած 25-ամյա գործունեության շնորհիվ նա մեծ ճանաչում ու հեղինակություն ունի հայ հանրության շրջանում:
Կարո Դերձակյանը 2012 թվականին պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր առաջին աստիճանի շքանշանով, մի շարք այլ պարգևներով: «Մի քանի սերնդի է սովորեցրել Կարո Դերձակյանը: Ճանաչված մասնագետը նաև սարքեր է նվիրաբերել Հայաստանին' նպատակ ունենալով հայրենիքում զարգացնել ուրոլոգիան: Չափազանց աշխատասեր, պահանջկոտ այս մարդը հայրենիքում մնայուն գործ ծավալելու վառ օրինակ է»,- ընդգծել է նախարարը' նշելով, որ Ամերիկահայկական բժշկական առաքելության բարեգործական ծրագրին նույնպես կհաջողվի գնալ այս ճանապարհով, և նախարարությու նը պատրաստ է աջակցելու մասնագետներին:
Արմեն Մուրադյանը հյուրերին հայտնել է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի այն երիտասարդ մասնագետներին, ովքեր կցանկանան վերապատրաստվել արտասահմանի լավագույն բժշկական կենտրոններում:
«Առաջնահերթությունը տրվելու է հենց մարզային հիվանդանոցների մասնագետներին: Նման ցանկություն հայտնողներից առաջիններից մեկը օրթոպեդ է Գյումրիից, ով ցանկանում է ծնկահոդի վիրահատություն կատարել, ամբողջովին տիրապետել պրոթեզավորմանը և արտասահմանում ձեռք բերած փորձը կիրառել Հայաստանում»,- ասել է Արմեն Մուրադյանը:
Ամերիկահայկական բժշկական առաքելության բարեգործական ծրագրի շրջանակում Գյումրիի բժշկական կենտրոնում կկատարվեն լապարասկոպիկ և բաց վիրահատություններ, ուրոլոգիական անոթային վիրահատություններ և թերապևտիկ բուժումներ ու խորհրդատվություններ:
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը ևս շնորհակալություն է հայտնել Գևորգ Մութաֆյանի հետ Հայաստան ժամանած մյուս մասնագետներին' ընդհանուր անոթային վիրաբույժ Սիմոն Քյոշքերյանին, ուրոլոգ Լեո Դումանյանին, թերապևտ Ծովինար Թեքելյանին, անեսթեզիոլոգ Էմիլ Սայսին, վիրաբույժ Հարություն Դ ավթյանին, վիրահատարանի բուժքույր Թուբինա Խաչիկյանին:
Ի դեպ, Գեւորգ Մութաֆյանը ծնունդով Գյումրիից է, աշխատում է Գլենդելի երկու խոշոր' «Մեմորիալ» եւ «Ատվենտիս» կլինիկաներում: Նա կրթություն է ստացել Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայում, որից հետո ուսումը շարունակել է ԱՄՆ-ում, ուր և բնակություն է հաստատել:
Հանդիպման ընթացքում ամերիկահայ մասնագետները նշել են, որ իրենք ևս ջանքեր կգործադրեն Հայաստանի երիտասարդ մասնագետների համար արտերկրում ուսանելու հնարավորություն ընձեռելու նպատակով: