ԳԱԼԱ-ն տեղեկացրել էր, որ երեկ կեսօրին Վրաստանից Հայաստան է վերադարձել և իրավապահներին ներկայացել հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գերեզմանատանը հարակից տարածքում Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող ռազմական ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցը: Նա արդեն ցուցմունք է տվել նախաքննական մարմնին՝ խոստովանել, որ ինքն է սպանել 50-ամյա Հարություն Գրիգորյանին, ով, հիշեցնենք, ԳՊՄԻ ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայրն էր:

 

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արման Կատունյանն իր ցուցմունքում ներկայացրել է սպանության դրդապատճառները. «Այո, որպես կասկածյալ ցուցմունք է տվել ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի օպերատիվ քրեական հետախուզության բաժանմունքի պետը՝ Արման Կատունյանը: Նրա ցուցմունքը հրապարակման ենթակա չէ, նախևառաջ այն հանդիսանում է նախաքննության գաղտնիք, և որ ամենակարևորն է՝ անձնական գաղտնիք»,- նշեց Րաֆֆի Ասլանյանը:

 

Դատախազը նշեց նաև, որ Արման Կատունյանն ինքն է ներկայացել ոստիկաններին ու խոստովանել, որ սպանությունն ինքն է կատարել: Նա ներկայացրել է, որ հիմնական վարկածը անձնական փոխհարաբերություններն են եղել. «Այո, խոստովանել է, սպանության դրդապատճառների, հանգամանքների վերաբերյալ տվել է ցուցմունքներ, իհարկե ինքը ներկայացրել է և պատճառները, և հանգամանքները, ամեն դեպքում սպանության կատարման կասկածանքով ձերբակալվել է:

 

Ցուցմունքում շատ բաներ է նշել, որոնք հրապարակել չենք կարող, հիմնական վարկածը անձնական փոխհարաբերություններն են, թե ինչից է ծագել, դա արդեն նախաքննության գաղտնիք է»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը: Այլ մանրամասներ մարզի դատախազը չնշեց՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից:

 

Մանրամասն` այստեղ: