Սեպտեմբերի մեկից արտասահմանյան բոլոր երկրների քաղաքացիների համար Վրաստանը կսահմանի վիզային ռեժիմի նոր կարգ: Առանց մուտքի արտոնագրի Վրաստան կարող են այցելել այն երկրի քաղաքացիները, որոնց հետ Վրաստանն ուներ ազատ վիզային ռեժիմ: Հայաստանն այդ երկրների թվում է, եւ առանց վիզային ռեժիմի Հայաստանի քաղաքացիները կարող են այցելել Վրաստան180 օրվա ընթացքում 90 օր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վրաստանի ԱԳՆ-ի հյուպատոսական վարչության ղեկավար Գրիգոր Տաբատաձեն նշեց, որՎրաստանի միգրացիոն քաղաքականության կարգավորումն ուղղված չէ որևէ պետության կամ որևէ օտարերկրացու դեմ:

 

Կառավարության վերջերս ընդունած «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի նպատակն է կարգավորել ինտեգրացիոն հարաբերություններն այլ պետությունների հետ: «Դա նշանակում է միանման վերաբերմունք բոլոր պետությունների եւ օտարերկյա քաղաքացիների հանդեպ: Այս պարագայում ասել, որ Վրաստանը վիզային ռեժիմ է սահմանում Հայաստանի հետ' սխալ է»,- ասաց Տաբատաձեն' հավելելով, որ գոյություն ունի ձեւաչափ, համաձայն որի օտարերկրյա քաղաքացին, որի պետության հետ Վրաստանն ունի առանց վիզայի ռեժիմ, կարող է այցելել Վրաստան 180 օրվա ընթացքում, բայց այնտեղ մնալ 90 օր:

 

Ըստ Տաբատաձեի, սա ստանդարտ ռեժիմ է, որն իրականացնում է ԵՄ-ն շենգենյան գոտի այցելողների համար: «Մենք նույնպես կիրառում ենք այդ ձեւաչափը բոլոր օտարերկրյա քաղաքացիների հանդեպ»,- ասաց նա: Տաբատաձեի փոխանցմամբ, այն քաղաքացիները, ովքեր կգան Վրաստան երկարաժամկետ սովորելու կամ աշխատելու, բիզնես գործունեություն իրականացնելու կամ բարեկամների մոտ մնալու համար, պետք է հայտ ներկայացնեն վիզա ստանալու համար եւ ըստ միգրացիոն վիզայի կտրվի կեցության վկայական:

 

«Դա երկարաժամկետ այցերի համար է, իսկ կարճաժամկետ այցելությունների համար կգործի նախկին ռեժիմը, երբ Վրաստան կարելի է այցելել առան վիզայի»,- ասաց Տաբատաձեն' հավելելով, որ Կեցության իրավունքն իր հերթին կարող է լինել ժամանակավոր (1-ից մինչև 6 տարի) և մշտական:

 

 

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ