«ՕՔՍՖԱՄ»-Հայաստան կազմակերպություն «Տնտեսական արդարություն և պարենային անվտանգություն» ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ին, Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել «Գյուղատնտեսության ոլորտի գենդերային ուղղորդում ՀՀ Տավուշի մարզի 2012-2015 թ.թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի օրինակով» ռազմավարական փաստաթղթի շնորհանդեսը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանի տեղեկատվության բաժնից, ծրագրի ղեկավար Վադիմ Ուզունյանը և ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը բացման խոսքով են հանդես եկել:

 

Դրանից հետո գենդերային հարցերով փորձագետ Թամարա Հովնաթանյանը ներկայացրել է ծրագրի ընդհանուր բնութագիրն ու նպատակները, գենդերային մոնիթորինգի արդյունքները: Նա կարևորել է զարգացման գործընթացներում կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ռազմավարական փաստաթուղթն ու դրա մեջ գյուղատնտեսության ոլորտի ուղղորդման սկզբունքները:

 

Ծրագրի մեթոդաբանությունը, առկա իրավիճակի ուսումնասիրության արդյունքներն ու հիմնական եզրակացությունները ներկայացրել է փորձագետ Ջինա Սարգիզովան: Իսկ փորձագետ Լիլիթ Զաքարյանը խոսել է ՀՀ Տավուշի մարզի զարգացման առաջնահերթ ոլորտների գենդերային ուղղորդման առանձնահատկությունների մասին, ըստ ոլորտների ներկայացրել է իրենց առաջարկությունները՝ նշելով, որ անդրադարձել են բոլոր առաջնահերթություններին և որ առանձնակի ուշադրություն է դարձվել փոքր և միջին ձեռնարկատիրության և մասնավոր հատվածի զարգացմանը: