Երևանի Հյուսիսային պողոտայի վերգետնյա հատվածը շահագործման կհանձնվի օգոստոսի վերջին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Քաղաքապետի տեղակալի խոսքով, պողոտայի ստորգետնյա հատվածում «Տաշիր գրուպ» ընկերությունն իրականացնում է կառուցապատում:

 

«Վերգետնյա հատվածում որևէ կառուցապատում չկա և չի էլ լինի: Ստորգետնյա հատվածում կառուցվելու է առևտրի, ժամանցի կենտրոն: Երևանի բյուջեից մեկ լումա անգամ չի ծախսվում Հյուսիսային պողոտայի բարեկարգման և վերանորոգման աշխատանքների համար: Ամբողջությամբ ներդրումային ծրագիր է՝ մոտ հինգ միլիոն դոլար արժողությամբ»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ, նշեց Դավիթ Օհանյանը:

 

Քաղաքապետի տեղակալի խոսքով, եղանակային պայմանները որոշ ժամանակով թույլ չտվեցին, որպեսզի աշխատանքներն արագ իրականացվեն: «Սակայն ամբողջ թափով այժմ իրականացվում են շինարարական աշխատանքներ, և վերանորոգումը կավարտվի սահմանված ժամկետում»,-հավելեց նա:

 

Հյուսիսային պողոտան իրար է կապում օպերային թատրոնի շենքը և Հանրապետության հրապարակը։ Երկարությունը ավելի քան 500 մ է։ Պողոտայի կազմի մեջ մտնում են բնակարաններ, ռեստորաններ, խանութներ և գրասենյակներ։