Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, բակային տարածքների և մայթերի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունունից, այդ մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ակտիվացնել ասֆալտապատման աշխատանքները՝ հսկողություն սահմանելով պատշաճ որակի ապահովման վրա: Անդրադառնալով ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին' առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ իրականացված հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ հայտնաբերված 9 դեպքի մասով կազմվել են վարչական արձանագրություններ:
Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստացնել այս ուղղությամբ աշխատանքներն ու բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու նպատակով շուրջօրյա հսկողություն իրականացնել:
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի և դրանց տրվող պատասխանների հետ կապված՝ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ ստացվել է, համապատասխանաբար, 179 և 100 հեռախոսազանգ:
Ընդհանուր առմամբ լուծում է ստացել 201 հարց, մյուս հարցերն էլ ընթացքի մեջ են: Երեւանի քաղաքապետարան, Տարոն Մարգարյան, բացօթյա առեւտուր, թեժ գիծ, ասֆալտապատում: