Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 30-ին կայացած նիստի վճռով երկամսյա կալանք է կիրառել Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր սպանության գործով կասկածյալ Արման Կատունյանի նկատմամբ: Նրա նկատմամբ, ով հանդիսանում էր ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժնի պետ, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին և 235 հոդվածի երկրորդ մասերով:

 

Հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Ախուրյանի ոստիկանության բաժինն ահազանգ էր ստացել այն մասին, որ Գետք գյուղի անասնագոմերի հարևանությամբ, կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի: Օպերատիվ խումբը տեղում պարզել էր, որ սպանվածը 1964թ. ծնված Հարություն Գրիգորյանն է, ով Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայրն է:

 

Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածք՝ որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում: Օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել է նաև 9 մմ տրամաչափի եր կու գնդակ և 5 կրակված պարկուճ: Կասկածյալը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Հուլիսի 27-ին Արման Կատունյանը սպանության մեջ կասլածվելու պատճառով ներկայացել էր Շիրակի մարզի ոստիկանական վարչություն: Ըստ շրջանառվող վարկածի՝ սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա:

 

Արմենուհի Մխոյան