ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել նախագահ Բարաք Օբամայի դեմ հանրապետական Ջոն Բեյների հայցին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

 

«Կողմ» է քվեարկել Հանրապետական կուսակցության 225 անդամ, «դեմ»՝ 201 կոնգրեսական, այդ թվում՝ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ եւ հինգ հանրապետական: Այժմ հայցը պետք է ուղարկվի համերկրային դատարան, որը կորոշի՝ իրավական ուժ ունի արդյոք փաստաթուղթը: Դրական պատասխանի դեպքում պահանջը կփոխանցվի Օբամայի վարչակազմին: Ամբողջ գործընթացը կարող է տեւել ամիսներ:

 

Նշվում է, որ Ներկայացուցիչների պալատի իրավաբանները մտադիր են անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստել արդեն առաջիկա խորհրդարանական արձակուրդների ընթացքում, որոնք սկսվում են օգոստոսի 1-ին:

 

Քվեարկությունից առաջ Օբաման Ներկայացուցիչների պալատի խոսնակի նախաձեռնությունը որակել է «քաղաքական հնարք» եւ կոչ է արել հանրապետականներին «գլուխները չկորցնել»: «Նրանք պատրաստվում են ինձ դատի տալ իմ այն գործողությունների համար, որոնք նպատակամղված են մարդկանց օգնելուն: Նրանք ակնհայտորեն իրենց կորցրել են, ես պարզապես կատարում եմ իմ պարտականությունները»,- պետության ղեկավարի խոսքը մեջբերել է NBC News-ը:

 

Նրա համոզմամբ՝ քաղաքական գործիչներն այդ կերպ փորձում են խույս տալ հրատապ հիմնախնդիրների լուծումից:

 

Դեմոկրատ նախագահին դատի տալու մտադրության մասին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, Հանրապետական կուսակցության անդամ Ջոն Բեյները հայտարարել է հունիսի վերջին: Նա պետության ղեկավարին մեղադրել է պաշտոնեական լիազորությունները վերազանցելու եւ պետության այլ օրենքներ խախտելու մեջ: Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հայցը նախագահին իմպիչմենտին ենթարկելու փորձ չէ: