Չնայած և՛ ԼՂՀ, և՛ ՀՀ սահմանների ուղղությամբ իրագործած հետախուզական-դիվերսիոն գործողությունների ժամանակ ստացած արժանի պատասխանին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է հանդես գալ հայկական կողմին ուղղված հռետորաբանությամբ և սպառնալիքներով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դիվերսիոն գործողություններին հայկական կողմից ստացած ահավոր պատժից շոկի մեջ հայտնված Ադրբեջանի ՊՆ-ն երկար լռությունից հետո պաշտոնապես խոստովանել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում «երեք օր շարունակվող մարտերում 8 զինծառայողների զոհվելու» փաստը: Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է, որ զոհված զինծառայողների արյունը «գետնին չի մնա»: Ադրբեջանի ՊՆ-ն ցավակցություն է հայտնել զոհված զինծա ռայողների ընտանքիներին և հարազատներին:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են հուլիսի 31-ին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական բանակի 9 զինծառայողների և Ղազախի ուղղությամբ Հայաստանի հետ սահմանում ևս երկու սպաների զոհվելու և 4 զինծառայողների ծանր վիրավորվելու մասին:

 

ԼՂՀ պաշտպանական բանակը հայտնել է, որ հակառակորդը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության և կրելով բազմաթիվ կորուստներ' հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: