ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկա գտնվեց Կենտրոն վարչական շրջանում' «Մալիբու» սրճարանի հարակից տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառի վերաբացմանը: Նա շրջեց տաղավարներով, ծանոթացավ մթերքների գներին, զրուցեց գյուղատնտեսների ու գնորդների հետ:
Մոտենալով գյուղնախի «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն»-ի սերմերից ստացված գյուղմթերքի տաղավարին' նախարարը գոհունակություն հայտնեց դրանց որակի վերաբերյալ ու խորհուրդ տվեց օգտվել հայկական սերմերից ստացված մթերքից: «Մենք շահագրգռված ենք, որ մեր տեղական սորտերը, որ ունեցել ենք նախկինում, հիմա վերականգնենք: Այս տարի հայկական սերմերի մեծ պահանջարկ է եղել, ու դա մեծ քանակությամբ վաճառվել է: Նպատակ ունենք, որ ամեն տարի հայկական սորտերի ծավալները 20-30 տոկոսով ավելացնենք, հատկապես բանջարեղենի' լոլիկի ու պղպեղի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Սերգո Կարապետյանը:
Նախարարի հավաստմամբ, երկուստեք պահանջարկից ելնելով' այս տարի երեք շաբաթ շուտ են մեկնարկել գյուղատնտեսական տոնավաճառները: «Տեսնում եք, արդեն աշխույժ առևտուր է ընթանում: Այս տարին առաջ է, գյուղատնտեսական մթերքների արտադրության ժամկետն ավելի շուտ սկսվեց, արդեն եռուն բերքահավաքի շրջան է: Եթե անհրաժեշտություն լինի, Երևանի երրորդ վարչական շրջանում էլ կբացենք գյուղատնտեսական շուկա»,-հայտնեց Սերգո Կարապետյանը' հավելելով, որ նշյալ տոնավաճառին մասնակցում է ավելի քան 95 գյուղացիական տնտեսություն, իսկ Կասյանի շուկայում ավելի շատ է նրանց թիվը'պայմանավորված այնտեղ տեղի ունեցող ավելի աշխույժ առևտրով:
Անդրադառնալով տոնավաճառներում գործող գներին' նախարարը նշեց, որ այս տարի իրենք ուսումնասիրել են Երևանի երկու-երեք մեծածախ շուկաներում մթերքների արժեքն ու կողմնորոշիչ գներ են առաջարկում թե տնտեսավարողներին, թե գնորդներին: «Իհարկե, սրանք պարտադրող գներ չեն, քանի որ շուկան ինքն է կարգավորում գները, հիմնականում, գինը ձևավորվում է սակարկումների արդյունքում»-նշեց նախարարը: Նրա դիտարկմամբ, այս տարի գյուղմթերքների գներն ավելի մատչելի են, քանի որ արտադրության ծավալներն են շատ: «Բացի ծիրանից, որը ցրտահարվեց, այս տարի մրգի և բանջարեղենի տեսականին գոհացուցիչ է»,-փաստեց գյուղնախարարը:
Սերգո Կարապետյանը լրագրողներին հայտնեց նաև, որ պատրաստվում է առևտուր անել ու, հավանաբար, կգնի հատապտուղ, մրգեր ու վարունգ:
Գյուղատնտեսական մթերքների շուկան Երևան քաղաքի Կասյան փողոցի հարակից հրապարակում և Մաշտոցի պողոտայի այգում գործում է արդեն չորրորդ տարին: Տաղավարները, կշեռքները, սեղանները գյուղացիներին տրամադրում է Գյուղատնտեսության նախարարությունը: Քաղաքապետարանն էլ աջակցում է տարածքների տրամադրման և մաքրման աշխատանքների հարցում: Տոնավաճառները կգործեն մինչև տարվա վերջ, նախատոնական առևտուրը ևս երևանաբնակները կկարողանան իրականացնել բացօթյա տոնավաճառներում: