Հայ Առաքելական եկեղեցին մտադիր է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին պաշտամունքային նոր կենտրոն բացել Աբու Դաբիում: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Khaleej Times պարբերականին հայտնել է Արաբական Միացյալ Էմիրություններում և Քաթարում Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսական փոխանորդ, Տեր հայր Մեսրոպ Սարգսյանը:

 

Հայ Առաքելական առաջին և միակ եկեղեցին գտնվում է Շարժայի Յարմուկ քաղաքում և կառուցվել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի օրոք: Այն օծվել է 1998 թվականի նոյեմբերի 15-ին Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից:

 

Տեր հայրը պարբերականին է պատմել Հայ եկեղեցու ձևավորման և ԱՄԷ-ում գործող 10-11 հազարանոց հայկական համայնքի մասին: «Դժվար է ասել այստեղ բնակվող հայերի ճիշտ թիվը, սակայն Շարժայում բնակվում է հայերի արդեն երկրորդ սերունդը»,- ասել է Սարգսյանը:

 

Ծովածոցի երկրներում բնակվող հայերը տաբեր երկրների քաղաքացիություն ունեն' Լիբանան, Սիրիա, Իրան, Իրաք, Եգիպտոս, Հորդադան, Թուրքիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, և այլն:

 

«1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո շատ հայեր են իրենց հայրենիքից տեղահանվել հարևան երկրներ, ուստի մեր եկեղեցու շատ անդամներ երկակի ազգություն ունեն: Եկեղեցում հայերեն գրել, կարդալ և խոսել են ուսանում մոտ 230 աշակերտներ: Աշակերտները երեքից մինչև տասնյոթ տարեկան են»,- բացատրել է Տեր հայրը:

 

Եկեղեցին կարևոր նշանակություն ունի Շարժայի, Դուբայի և հարակից տարածքների հայերի մշակութային և հասարակական կյանքում: Նրա հովանու ներքո կազմակերպվում են ամենատարբեր մշակութային միջոցառումներ' քրիստոնեական տոնավաճատներից մինչև հայկական պարահանդես, երկու շաբաթը մեկ պատարագ է մատուցվում, իսկ կիրակի օրերը հայերենի ուսուցման դասեր են անցկացվում: