Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների թշնամի Ադրբեջանի ղեկավարության երևակությունը հասել է մտագարության այնպիսի աստիճանի, որ այդ երկրի նախագահի աշխատակազմի հասարակական քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, որ «մեծ կասկածներ կան, որ Ադրբեջանում գործում է հայկական լոբբիի հետ կապված հակազգային խումբ»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան այդ հայտարարությունն արել է ի պատասխան հայտնի իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ Լեյլա Յունուսի նկատմամբ «հայրենիքի դավաճանության», «լրտեսության» մտացածին մեղադրանքներ առաջադրելու կապակցությամբ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և առաջատար երկրների բացասական արձագանքին:
Լեյլա Յունուսը զբաղվում է հայ և ադրբեջանցի ժողովուրդներին հաշտեցնելու ուղղությամբ միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ ժողովրդական դիվանագիտությամբ: Ալի Հասանովը հայտարարել է, որ «արտասահմանում և երկրի ներսում տարբեր շրջանակների կողմից հարցը քաղաքականացնելուն ուղղված փորձերը արդյունք չեն տալու»:
Նրա խոսքով, այն, որ հայկական և ադրբեջանական մամուլում ի պաշտպանություն հայտնի իրավապաշտպանի հոդվածներ են հրապարակվում, խոսում է այն մասին, որ Ադրբեջանում գործում է հայկական լոբբիի հետ կապված իրավապաշտպանների խումբ, որը, իր խոսքով, «աշխատում է ադրբեջանական հասարակության մեջ անվստահության մթնոլորտ ստեղծել, խարխլել ազգային միասնությունը, արտասահմանում Ադրբեջանի մասին բացասական կարծիք ձևավորել»:
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան հիվանդ, հակահայ մտածելակերպի արգասիք, սեփական անհաջողությունները, երկրում հեղինակության վերջնական անկումը «փրկելու» հնարարանք: