Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանում վնասազերծված ադրբեջանցի դիվերսանտները չեն կարող եւ չպետք է դիտարկվեն որպես գերի: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ, նրանք հանցագործներն են եւ նրանց գերու կարգավիճակ տալը սխալ է: «Խմբի նպատակը տեղեկությունների հավաքագրումն էր: Նրանց մոտ հայտնաբերված նյութերը ցույց են տալիս, որ վերջիններս ուսումնասիրել են ենթակառուցվածները, ռազմական մասերը, բանակային ստորաբաժանումների տեղաշարժերը: Դա պետք է ադրբեջանական ղեկավարության կողմից համապատասխան որոշման հիմք ծառայեր: Նրանք հանցագործներ են, եւ պետք է դատապարտվեն Լեռնային Ղարաբաղի եւ միջազգային օրենսդրությանը համապատասխան», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծել է Սեյրան Օհանյանը:

 

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն- հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի ղեկավարն ու անդամների մի մասը ձերբակալվել, մյուսները ոչնչացվել են հայկական հատուկ նշանակության ջոկատայինների կողմից: ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա' 1972թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: