Անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի օդուժը թռիչքներ է իրականացնելու Արցախի օդային տարածքում:

 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը' մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ այն հայտարարությունը, թե ռմբակոծելու են Արցախի օդային տարածքում հայտնվող հայկական ռազմական ինքնաթիռները:

 

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարության բովանդակությունից մենք գալիս ենք այն հետևության, որ Ադրբեջանի ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ հակաօդային պաշտպանությունը գտնվում է բավականին ցածր վիճակում:

 

Ադրբեջանը թող կարգի բերի իր սեփական հակաօդային պաշտպանությունը և կարողանա հավաստանշել մեր օդուժի թռիչքները, նոր միայն հանդես գա իրականությանը չհամապատասխանող պաշտոնական հաղորդագրությամբ»,- ասաց Սենոր Հասրաթյանը:

 

Օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 11:20-ին ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, որ հայկական զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ և դա պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրադրությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հերքվել և որակվել է որպես «անհիմն և կանխակալ ապատեղեկատվություն»: